Ո՞րն է Սահմանադրական դատարանի կազմը փոխելու՝ իշխանությունների բուն նպատակը
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությանը, այն է՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափության հարցով Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու վերաբերյալ, նշել է, որ «ՍԴ-ի հետ կապված բոլոր պարագաներում ձեր նշած գործընկերները (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը նկատի ունի.- Ա.Վ.) խոսել են այն մասին, որ իրենք համաձայն են, որ ՍԴ-ի հետ կապված խնդիրը գոյություն ունի: Բազմիցս հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել այդ նույն Հրայր Թովմասյանին, որ նա լուծում տա: Սրանով կոորդինատների ճշտման փուլը ավարտին կհասցվի: Մի քիչ վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցը մենք մինչ այդ արդեն լուծում տված չենք լինի, և այս կազմը կքննի: Ես դրա հետ կապված՝ կասկածներ ունեմ»:
Առաջին հայացքից ԱԺ փոխխոսնակ Ա. Սիմոնյանի խոսքի այս փոքր պարբերությունն ունի իր մեջ բազմաթիվ շերտեր. փաստորեն, ՍԴ հարցը կրում է անձնավորված բնույթ, այլապես, ի՞նչ կապ ունի Թովմասյանին չընտրելը հետագայում ՍԴ դիմելու հետ (անձին չընտրելը կարող է ունենալ տարբեր պատճառներ, ներառյալ՝ անձնական համակրանքը):
Հերթական անգամ ՍԴ-ն մեղադրվում է «դավադրության» մեջ, այս անգամ՝ ընդդիմության հետ, որպես նշվածի հիմք դիտարկելով ընդամենը ընդդիմության կողմից ՍԴ դիմումի ներկայացումը, հերթական անգամ իրավական գործընթացը քաղաքականացվում է և զսպումների հանդեպ անհանդուրժողականություն է ցուցաբերվում: Եկեք ընդունենք, որ փոքր-ինչ տարօրինակ է այդքան շատ «դավադրությունների» մեջ այս մարմնի ներգրավված լինելու հանգամանքը:
Որևէ ակնարկ չանելով համապատասխան կարգավորման իրավաչափության մասին և նշելով, որ շուտով կազմը փոփոխվելու է, ակնհայտորեն ցույց է տրվում ընդդիմությանը կարևորագույն հակազդման գործիքից զրկելու անհագ ցանկությունն ու ապագայում վերահսկելի ՍԴ ունենալու տեսլականը:
Այս պայմաններում, հաշվի առնելով նաև նախորդող իրադարձությունները, արդյոք որևէ մեկի մոտ կարո՞ղ է կասկած մնալ առ այն, որ ՍԴ կազմը փոփոխելն ունի «բարի նպատակ», այն է՝ 2015 թվականի ՍԴ մոդելի կյանքի կոչումը: