Չեմպիոնները` քաղաքական հալածանքի թիրա՞խ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում տեղի ունեցած, թերևս, ամենաաղմկահարույց իրադարձություններից էր հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանի հանդեպ կիրառված անհամաչափ ուժը, որի արդյունքում 13 ոստիկան գետնին տապալեցին վերջինիս ու տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք:
Միջադեպին հաջորդեցին սպորտի ոլորտի անվանի մարզիկների մեկնաբանությունները` ի պաշտպանություն մարզիկի: Նման մեկնաբանությունների շարքում էր նաև բոդիբիլդինգի Հայաստանի չեմպիոն, միջազգային հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, աշխարհի լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկ Վահրամ Հակոբյանի գրառումը facebook սոցիալական ցանցում, որտեղ նա հետևյալ կերպ է մեկնաբանում տեղի ունեցածը.
«Ամոթ ձեզ… Մենք աշխարհի բոլոր ծայրերում ազգ ենք ներկայացնում, ու միշտ կանգնել ենք բարձր պատվանդանների վրա: Երբե՛ք ոչ մի երկրում մեր թիկունքը գետնին չեն կպցրել… բացի մեր երկրից, այն էլ հազար «ոստիկանների» միջոցով: Կոչ եմ անում Հայաստանի և սփյուռքի բոլոր մարզիկներին արձագանքել»:
Մենք բազմիցս անդրադարձել ենք նաև մի քրեական գործի, որն ուղղակիորեն առնչվում է Վահրամ Հակոբյանի հետ: Այդ քրեական գործի շրջանակներում բազմիցս շեշտվում է, որ Վահրամ Հակոբյանն աշխատել է Գագիկ Ծառուկյանի մոտ, ինչի արդյունքում, նրա պնդմամբ, իր հանդեպ նախաքննության մարմինները խիստ կողմնակալ մոտեցում են ցուցաբերել, և այդ գործն ամբողջությամբ շինծու է:
Նման կողմնակալ վերաբերմունքը շարունակվում է մինչ օրս նույնպես: Մասնավորապես, վերջինիս փաստաբանը նրա հետախուզման դեմ բողոքի դատական գործով նիստերի հետաձգման պատճառների վերաբերյալ դիմում է ներկայացրել, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել առ այն, թե ինչու են այդ նիստերը տարատեսակ պատճառաբանություններով հետաձգվում: Ավելին, փաստաբանը նաև Վահրամ Հակոբյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոց իրականացնելու վերաբերյալ դատական նիստի թղթային արձանագրության պատճեններն է պահանջել, սակայն, չնայած նրան, որ օրենքով նախատեսված ժամկետն արդեն անցել է, և պետք է պատասխանեին, այդ դիմումը թողել են անպատասխան:
Կա տեսակետ, թե չի բացառվում, որ այս գործընթացը վաղուց սկսված է, և այս շրջապատում գտնվող մարդիկ գտնվում են թիրախում, ուստի Վահրամ Հակոբյանի հանդեպ նախաքննության մարմինների այդ կողմնակալ վերաբերմունքը նույնպես կարող է պայմանավորված լինել այս քաղաքական հալածանքի արշավով: Եթե այդպես է, և նաև հաշվի առնելով այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը տարիների ընթացքում իր ուշադրության կենտրոնում է պահել և աջակցություն է ցուցաբերել անվանի մարզիկներին, չի բացառվում, որ հերթը կարող է հասնել նաև այլ հայտնի մարզիկների, և նրանք նույնպես այս ծրագրի շրջանակներում կարող են դառնալ քաղաքական հալածանքի առարկա:
Մերի Հակոբյան