ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր անցկացրել Շենգավիթում. «Փեթակ»-ը փակվել է
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Պարետի սահմանած կանոնների խախտման համար փակվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը։
«Ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանում․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտակետում այսօր Երեւանի այս հատվածում գործող տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումն էր։ Ստուգայցերն անակնկալ են, տնտեսավարողները դրանց վերաբերյալ չեն զգուշացվում։ Բացի կոնկրետ այս վարչական շրջանից՝ դրանց ամենօրյա անցկացումը շարունակվում է ողջ հանրապետությունում, առաջնահերթորեն նաեւ՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով։
Արձանագրվող խախտումներին հետեւում են պարետի կասեցման որոշումները։ Վերջինների համաձայն՝ այսօր եւս Երեւանում եւ մարզերում արգելվել է շուրջ 7 տասնյակ տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնն՝ ամբողջությամբ, առեւտրի մեծ ու փոքր օբյեկտներ, դեղատներ ու անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվողներ։
«Փեթակ» առեւտրի կենտրոնում, որի աշխատանքն արգելվեց 24 ժամով, ԱԱՏՄ ստուգայցն արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչեւ 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության չպահպանման, դիմակները պատշաճ չկրելու եւ մի շարք այլ խախտումներ։ Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ շտկել խախտումները։
Նկատի ունենալով միտումը, որ անվտանգության կանոնների խախտման ամենամեծ մասը բաժին է ընկնում մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներին եւ ծառայությունների ոլորտին՝ ԱԱՏՄ-ն հերթական անգամ իրազեկում է պարետի սահմանած անվտանգության կանոնների մասին։ Ըստ այդմ, մասնավորապես, այդ տնտեսավարողների մոտ բոլոր տարածքները՝ հատակը, կրպակները, դարակները, զուգարանները, ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ՝ 60-80% սպիրտային կամ քլորի հիմքով ախտահանիչ նյութերով։ Հարկ է հիշել, որ 96 տոկոսանոց սպիրտի գործածությունը կամ այն ջրով նոսրացնելն արգելված է։ Սայլակների ու զամբյուղների, դռների բռնակները, վերելակների կոճակները, բազրիքները և բանկային տերմինալներն ախտահանվում են 2 ժամը մեկ: Տարածքը պարտադիր օդափոխվում Է, ապահովվում է փակվող աղբարկղերով: Ամեն աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, գրանցվում են նրանց առողջական վիճակի տվյալները։ Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ։
Արգելվում է առանց դիմակի հաճախորդի մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը: Հարկ է բացառել մարդկանց կուտակումները: Վճարման եւ վաճառքի տաղավարների մոտ առնվազն 1.5 մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում, մինչեւ 20քմ տարածքով խանութներում միաժամանակ 2-ից ավելի մարդ չպետք է ներկա լինի։ Ապրանք բերող տրանսպորտի սրահն ամեն օր պետք է ախտահանվի։ Ամեն օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք, ինչից առաջ խանութի սրահը պետք է ախտահանվի. ասվում է հաղորդագրության մեջ։