«Կաշառք ստացողներին հնարավոր չի լինելու պարզել․ այդ 17.000-ից առնվազն 15.000-ը 2018թ․ քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին». Միհրան Պողոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող իրավական գործընթացների վերաբերյալ 168.am«Ռեվյու» հաղորդաշարի տաղավարում զրուցել ենք փաստաբան Միհրան Պողոսյանի հետ:

«Այն, ինչ մենք տեսանք ԱԺ-ի բակում, երբ փաստացի Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկեցին, ակնհայտ էր, որ նրա նկատմամբ խախտվում է պատգամավորական անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը, և փաստացի, համաձայն հայտարարությունների, Գագիկ Ծառուկյանն այսօր հետապնդման է ենթարկվում միմիայն իր կարծիքը հայտնելու համար»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով կիրակի օրվանից սկսված և այսօր ԱԺ-ում շարունակվող գործընթացներին:

Փաստաբանի խոսքով՝ այսօր արժեզրկված է պատգամավորի ինստիտուտը, սահմանադրականության ինստիտուտն այս երկու տարվա ընթացքում թիրախավորված քրեական հետապնդումների՝ իշխանության ցանկալի արդյունքին հասնելու համար:

Խոսելով այն մասին, որ իշխանական պատգամավորները հարցուպատասխանի ընթացքում գլխավոր դատախազին հարցեր չտվեցին, Միհրան Պողոսյանն ասաց, որ սա պայմանավորված է նրանով, որ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում փաստացի տեղի չի ունեցել, այլ իշխանության  պատգամավորները, փաստացի ունենալով բավարար ձայներ, կանխավ որոշել են քննության ճակատագիրը:

«Ի՞նչ հարց պետք է տան այն պատգամավորները, որոնք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի բերած սպիտակ թղթի տակ ստորագրել»,- ասաց փաստաբանը:

Պատասխանելով այն հարցին, թե իր համար արդյո՞ք համոզիչ էին գլխավոր դատախազի տված պատասխանները պատգամավորների հարցերին՝ փաստաբանն ասաց. «Այո, համոզիչ էին գլխավոր դատախազի պատասխանները. ես կրկին համոզվեցի, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում»:

«Հետաքրքիր հարց բարձրացվեց. եթե տեղի է ունեցել կաշառքի տրամադրում, ո՞ւր են այն անձինք, ովքեր կաշառք են ստացել: Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշռք է բաժանել ու ընտրակաշառքի միջոցով է ստացել իր քվեները, դրանք պետք է դիտարկել նաև այդ անձանց հարցաքննության հրավիրելու և կաշառք ստացողներին պարզելու տրամաբանության մեջ: Երբ որ կպարզեն 17.000, ըստ դատախազության, կաշառք ստացած անձանց, ինչը բացարձակապես հնարավոր չի լինելու, այդ ժամանակ կխոսենք օբյեկտիվ քննության մասին: Դա հնարավոր չի լինելու նախ այն պատճառով, որ այդ 17.000-ից առնվազն 15.000-ը 2018թ․ քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս