Հաջորդն Արմեն Սարգսյանն է. Մոդեստ Կոլերով

«Տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է»,- այս մասին 168.am-ի  հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին:

Մոդեստ Կոլերովը կարծում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ այս փուլում, և դա սպասելի էր: Սակայն, նրա խոսքով, անկասկած է նաև, որ  այս քաղաքական գործընթացն ունի  իրավական հիմքեր, քանի որ ամենաքիչը ՀՀ  օրենսդրության մոխրագույն գոտում  մինչև ամենավերջերս ողջ ՀՀ տնտեսությունն էր գործում:

«Այդ մոխրագույն  գոտում մշտապես կարելի է գտնել մեղադրանք ցանկացած խոշոր սեփականատիրոջ կամ օլիգարխի համար: Սա ակնհայտ է, մոխրագույն գոտին  միշտ ենթադրում է կոնֆլիկտ օրենքի հետ: Ակնհայտ է, որ  այս քաղաքական գործընթացը հենց հիմա սկսելը կրում է քաղաքական բնույթ, քանի որ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը Փաշինյանին այլևս հարկավոր չէ: Նա երկու տարի  առաջ աջակցեց Փաշինյանին, փաստորեն, իսկ ներկայումս այլևս հարկավոր չէ, վերջ: Եվս մեկ անգամ հիշեցնեմ  հայտնի արտահայտությունը, որ յուրաքանչյուր հեղափոխություն, նույնիկ այն հեղափոխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում, խժռում է  իր հայրերին և զավակներին, դա տրամաբանություն է, ցանկացած հեղափոխական գործընթացի տրամաբանությունն է, և ուժային կառույցների  ղեկավարների հեռացումն այդ գործընթացի շարունակությունն էր, դա ակնհայտ է»,- ասաց Մոդեստ Կոլերովը:

Նրա կարծիքով՝ ՀՀ նոր Սահմանադրությունը, որի մասին  Փաշինյանն է խոսում,  սպառնում է ՀՀ նախագահի ներկայիս դիրքին և կարգավիճակին:

«ՀՀ նախագահը ևս իր դերակատարությունը  խաղացել է, օգտագործվել է, և նա ևս պետք է անխուսափելիորեն հեռանա: Ուստի ոչ մի զարմանալի բան, ոչ մի նոր բան տեղի չի ունենում: Ակնհայտ է, որ գործընկերներից  ազատվելը յուրաքանչյուր հեղափոխական իշխանության դեպքում  սպասելի գործընթաց է: Փաշինյանը եկել է իշխանության հեղաշրջման  արդյունքում,  սկզբում նրան հարկավոր էին գործընկերներ, ներկայումս նրան  այդ գործընկերները պետք չեն, բացի դրանից, ակնհայտ է, որ  նոր Սահմանադրությունն այլևս խորհրդարանական և վարչապետական չի լինելու, այն լինելու է նախագահական, և Փաշինյանը հավակնում է  դառնալ նախագահ: Ծառուկյանին, ամենայն հավանականությամբ, կփորձեն ազատազրկել, նրա կուսակցությունն էլ  կտապալվի այդ դեպքում, քանի որ, ըստ իս՝ նրա կուսակցությունը կրում է  անձնավորված բնույթ»,- ասաց նա:

Խոսելով առաջիկա ներքաղաքական զարգացումների մասին՝ ռուս քաղաքական վերլուծաբանն ասաց, որ անկայունացումը  սովորական սցենար է յուրաքանչյուր հեղափոխական իշխանության դեպքում: Նրա խոսքով՝ հեղափոխական իշխանությունն իր գոյատևման  մի որոշակի փուլում դադարում է  կիսվել իշխանությամբ  և ետ է մղում իր գործընկերներին՝ դրանով իսկ մեծացնելով իր քաղաքական հակառակորդների թիվը: Սա, Կոլերովի պնդմամբ, ապագայում հանգեցնելու է իշխանություններից դժգոհ հատվածի  շեշտակի աճին, իսկ ներկայումս, նրա կարծիքով, ՀՀ իշխանությունները դեռ ունեն աջակցություն հասարակության շրջանում:

Տեսանյութեր

Լրահոս