Ստի ոտքերը կարճ են
Երեկ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել պրոդյուսեր, լրագրող Եգոր Կուրոպտևին և նրա «Սահմանային գոտի» (Пограничная ZONA) նախագծի հատուկ թողարկման ժամանակ թույլ է տվել իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ՝ այն հույսով, թերևս, որ վրացական հաղորդման մասին այստեղ չեն իմանա, Հայաստանում այն չեն դիտի, ոչ ոք չի իմանա՝ ինչպիսի կեղծ տեղեկություններ է հաղորդել, ինչպես է ներկայացրել ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում: Դե, իսկ դրսում էլ, ի դեմս Ալեն Սիմոնյանի, տպավորություն կստեղծվի, թե Հայաստանում թավշյա իրադարձություններից հետո իշխանության է եկել հրեշտակների կառավարությունը, իսկ սատանաներն էլ խանգարում են նրան աշխատել:
Ի դեպ, այս թողարկումը տեղադրվել է նաև «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում, ուր կա նաև հակիրճ տեքստային տեղեկատվական տարբերակ:
Բայց գանք հերթով:
Նախ՝ հաղորդման ամենասկզբում, խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի իրադարձությունների մասին, Ալեն Սիմոնյանը խոստովանում է, որ երեկ ողջ իշխանական թիմի կողմից հրահանգավորված՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող ընտրակաշառքի մասին փաստաթուղթը լուսանկարված է հարուցված քրեական գործի նյութերից: Այսինքն՝ իշխող թիմը հրապարակում է նախաքննական գաղտնիք համարվող տվյալ, ասում, որ այն լուսանկարվել է գործի նյութերից, սակայն, չգիտես ինչու, մոռանում է նշել, թե, այնուամենայնիվ, ի՞նչ գործ ունեն նախաքննության նյութերն իրենց մոտ: Եվ այս իշխանությունը, կառավարության ղեկավարի գլխավորությամբ, հայտարարում է, որ չի խառնվում իրավապահների գործերին:
Հաջորդ դրվագում Ալեն Սիմոնյանը, հավանաբար այլ երկրների կառավարությունների՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակում իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերից ոգեշնչված, ներկայացրել է կրկին իրականության հետ որևէ աղերս չունեցող փաստ: Նա հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը խիստ կարանտինի ընթացքում վճարել է բոլոր քաղաքացիների կոմունալ բոլոր ծառայությունների համար ներկայացված հաշիվների 50%-ը:
ՀՀ քաղաքացիները գոնե գիտեն, որ ասվածը բացարձակ սուտ է, ապատեղեկատվություն՝ դրսի ականջների համար:
Կառավարությունը երբեք էլ չի փոխհատուցել բոլոր սպառողների 50 տոկոս կոմունալ վճարները, ինչպես ասում է Ալեն Սիմոնյանը։ Խոսքն ընդամենը մինչև 5 հազար դրամի հոսանք և մինչև 10 հազար դրամի գազ սպառած բաժանորդների փետրվար ամսվա հոսանքի և գազի ծախսի 50 տոկոս փոխհատուցման մասին էր։
Թե Հայաստանում քանի՞ նման բաժանորդ կա, որ ձմռան կեսին 5 հազար դրամի հոսանք և 10 հազար դրամի գազ է ծախսում, դժվար չէ պատկերացնել։ Պատահական չէ, որ հասարակությունը շատ բուռն արձագանքեց կառավարության այդ նախաձեռնությանը։ Շատերն այն հասարակությանն ուղղված ծաղր համարեցին։ Հատկապես, երբ հայտարարվեց, թե դրա շահառու ընտանիքների թիվը հասնում է 200 հազարի։ Ու այդ 200 հազարի մեջ քիչ չէին նաև նրանք, ովքեր վաղուց Հայաստանում չեն։
Իր արածից ազդված՝ կառավարությունը կոմունալների հետ կապված երկրորդ ծրագիրը գործարկեց, որով 30 տոկոս փոխհատուցում տրամադրեց 10 հազարից մինչև 30 հազար դրամի գազ և 5 հազարից մինչև 10 հազար դրամի հոսանք սպառած բաժանորդներին։ Եվ կրկին՝ միայն փետրվար ամսվա սպառած գազի ու հոսանքի համար։
Խոսքն առավելագույնը՝ 12,5 հազար դրամի մասին է։ Թեև հասկանալի է, որ շատերի դեպքում փոխհատուցման չափն անհամեմատ ավելի փոքր էր։
Մեկ այլ որոշմամբ էլ 30 տոկոսի չափով փոխհատուցում տրամադրվեց 10 հազարից մինչև 25 հազար դրամի էլեկտրաէներգիա և 30 հազարից մինչև 40 հազար դրամի գազ սպառողներին։ Կրկին միայն փետրվարի համար։
Իհարկե հետո մի մասից էլ Նիկոլ Փաշինյանը որոշեց փողերը հետ վերցնել՝ համարելով, որ նրանք չունեն դրա կարիքը։ Սկզբից հայտարարվեց, որ գումարները պետք է փոխանցվեն համավարակի համար բացված հատուկ հաշվին։ Հետո փոշմանեցին և կոչ արեցին վճարել հարևան-բարեկամների կոմունալները։
Հաղորդման ընթացքում, ի դեպ, Ալեն Սիմոնյանը երկրորդել է իր ղեկավար Նիկոլ Փաշինյանին նաև բազմաթիվ այլ դրվագներով, օրինակ, ասելով՝ ԶԼՄ-ների 90%-ը նախկին իշխանություններին է պատկանում, խլելու ենք ապօրինի գույքը, և, իհարկե, ամենազավեշտալին՝ «ՀՀ-ում այսօր հնարավոր չեն քաղաքական հետապնդումներ»: