Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 4 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 12-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 4 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 3, ինչպես և առանց համարանիշի շահագործվող 1 մոտոցիկլետ, առանց համարանիշերի և փոխարինված համարանիշերով 2 մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 1 տրանսպորտային միջոց։
Երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։