«Ի՞նչ կապ ունի՝ հինգ հոգով փողոցում իրազեկման աշխատա՞նք են անում, թե՞ իրենց բողոքն են ներկայացնում իշխանություններին». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համոզմամբ՝ չի կարող սահմանափակվել մարդու՝ հավաքներ իրականացնելու իրավունքը, քանի որ հավաքներ անցկացնելը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը:

«Կարծում եմ՝ այս հարցը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա: Ի՞նչ կապ ունի՝ հինգ հոգով փողոցում իրազեկման աշխատա՞նք են անում, թե՞ նույն քանակով մարդիկ փողոցում կանգնած՝ իրենց բողոքն են ներկայացնում իշխանություններին: Ես այստեղ ընտրողական մոտեցում եմ տեսնում, և դա շատ վատ է, շատ»,- ասաց պատգամավորը:

Նրա բնորոշմամբ՝  գործող իշխանությունների կիրառած մեթոդները կիրառում էին նաև նախկինները, պատգամավորը որևէ տարբերություն չի տեսնում:

Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստանն» այն քաղաքական ուժն է եղել, որ հեղափոխությունից անմիջապես հետո հայտարարել է, որ պահն է՝ օգտվելու հեղափոխության բերած արժեհամակարգի հնարավորություններից, որը կբացառի, որպեսզի բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ:

«Մենք այն ուժն ենք, որն ունեցել է ամենալարված հարաբերությունները ԲՀԿ-ի հետ: Բայց ի պատասխան այդ ամենին, մենք տեսանք, որ իշխանությունը ԲՀԿ-ի հետ քաղաքական հուշագիր կնքեց և դարձրեց իր գործընկերը: Այսօր, երբ այդ գործընկերը որոշել է, որ պետք է սրի հռետորաբանությունը՝ սկսվել են իրավական գործընթացներ»,- հավելեց Անի Սամսոնյանը:

«Լուսավոր  Հայաստան» խմբակցության անդամը նաև տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի հետ համագործակցելու որևէ օրակարգ այս պահին չունեն:

Տեսանյութեր

Լրահոս