«Ես չեմ տեսել որևէ բռնության տեսարան». ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյան

«Քանի որ տիկին Զոհրաբյանի էջը փակ է ոչ ընկերների համար, սենց գրեմ, կտեսնի վստահ եմ։ Տիկին Զոհրաբյան, հորդորելու՞ եք Գագիկ Ծառուկյանին 40 միլիարդ թաքցրած հարկը (և դա միայն մեկ դրվագով) վերադարձնել ՀՀ քաղաքացիներին»,-ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Հիշեցնենք՝ երեկ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում էր «Բարգավաք Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, իսկ ավելի ուշ ԲՀԿ առաջնորդը հրավիրվեց ԱԱԾ՝ հարցաքննության:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, կուսակցության անդամներն ու համակիրները իշխանությունների այդ գործողությունները որակեցին քաղաքական հետապնդում. նրանք մինչև ուշ գիշեր ԱԱԾ շենքի առջև իրենց աջակցությունն էին հայտնում կուսակցության առաջնորդին:

Այդ ընթացքում ոստիկանները փորձում էին ցրել հավաքը. Նաև ուժ կիրառվեց: Իրավապաշտպանները դատապարտեցին հատկապես կին պատգամավորների հանդեպ ոստիկանական ուժի կոշտ գործողությունները:

Երեկ հայտարարություն տարածեց նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով․ «Մարդու իրավունքների պաշտպանը նաև անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և խորհրդարանի մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը»:

Երեկ ԱԱԾ-ի առջեւ 168.amի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Քրիստինե Պողոսյանի գրառումը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Քրիստինե Պողոսյանին ու մյուսներին խորհուրդ կտամ չանցնել հերթական դեմագոգիային: Ձեր գործընկեր կին պատգամավորների հանդեպ բռնություն է գործադրվել, անհամաչափ ուժ է կիրառվել, ինչո՞ւ չեք արձագանքել՝ այն դեպքում, երբ արձագանքում եք որեւէ կնոջ հանդեպ իրավունքների պաշտպանությանը: Այդ հարցը թող նա ուղղի իրավապահներին»:

«Եթե քրեական գործերը դեմագոգիա են, թող ամբողջ ԲՀԿ-ն զբաղվի դեմագոգիայով, մնացածը՝ վաղը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր հարցադրմանը Նաիրա Զոհրաբյանի արձագանքին՝ ասաց Քրիստինե Պողոսյանը:

«Իսկ կանանց հանդեպ բռնության վերաբերյա՞լ»՝ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին, նա պատասխանեց.

«Ես չեմ տեսել որևէ բռնության տեսարան»:

Դիտարկմանը, թե անհամաչափ ուժի կիրառման մասին իրավապաշտպաններն էլ են փաստում, նա այսպես արձագանքեց. «Ես նման բան չեմ տեսել, մնացածը՝ վաղը»:

Տեսանյութեր

Լրահոս