Բաժիններ՝

«Ի պատասխան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Թեհմինե Ղալեչյանի բաց նամակում բարձրացրած հարցերի». Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի պատասխան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Թեհմինե Ղալեչյանի բաց նամակում բարձրացրած հարցերի.

1) Համակարգչային շերտագրումով COVID-19 բնորոշ թոքաբորբ պատասխանով անձանց որպես COVID-19 դրական պացիենտ դիտարկելու բժշկուհու առաջարկի կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ ԱՀԿ-ի՝ COVID-19 դեպքի սահմանումը 2020 թվականի մայիսի 29-ի դրությամբ հետևյալն է․ «COVID-19 հաստատված դեպք» (U07.1 ըստ ՀՄԴ-10) պահանջում է հետադարձ-տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական մեթոդաբանությամբ (ՀՏ-ՊՇՌ, RT-PCR) SARS-CoV-2 հայտնաբերում, իսկ «COVID-19 հնարավոր դեպք»-ի պարագայում պահանջում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներ կամ դիագնոստիկ չափանիշներ (COVID-19-ի հետ համատեղելի ռադիոլոգիական, այդ թվում համակարգչային շերտագրումով): Առողջապահության նախարարի 14.06.2020թ․ թիվ 06-Ց ցուցմամբ հանձնարարվել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում առանձնացնել թերապևտիկ բաժանմունք/բաժանմունքներ՝ COVID-19 ՊՇՌ հետազոտության դրական արդյունք չունեցող, սակայն հոսպիտալացման ցուցում ունեցող «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով:

2) Եթե ընդունարան դիմում է արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ (դեսատուրացված) պացիենտ և ըստ չափորոշիչների նա ինտենսիվ թերապիայի պացիենտ է, անհրաժեշտ է ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն և վերջինիս տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Մահճակալային ֆոնդի, մասնավորապես ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության մահճակալային ֆոնդի, ավելացման ուղղությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում, ընդգրկվում են նոր բժշկական կազմակերպություններ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում մասնագիտական ներուժի համալրման ուղղությամբ։ Այսպես, առաջիկայում նախատեսվում է մասնագիտական թիմերի, այդ թվում ռեանիմատոլոգների, ժամանում հանրապետություն, ովքեր մեր մասնագետների հետ համատեղ աշխատելու են COVID-19 պացիենտների բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում։

3) Կասկածելի դեպքերը (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), որոնք գտնվում են ԱԱՊ բժշկի մշտադիտարկման և բուժման ներքո, սակայն ունեն վիճակի վատթարացում կամ դրական դինամիկայի բացակայություն, որի ցուցիչներից մեկը մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է >38.5°C 3 օրից ավելի (օրինակ, կարող է վկայել զարգացող համակարգային հիպերբորբոքման մասին) և լաբորատոր-գործիքային տվյալների բացակայությունը, COVID-19 կասկածելի պացիենտի հոսպիտալացման և հետազոտման կարևոր խմբերից մեկն է: Նշվածը չի հակասում COVID-19 պացիենտների ծանրության ցուցիչներին և ուղղված է ԱԱՊ բժիշկի կողմից կասկածելի պացիենտների վիճակի վատթարացման վաղ հայտնաբերմանը և ժամանակին հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը:

Անտիբիոտիկաթերապիայի հետ կապված հայտնում եմ, որ առողջապահության նախարարի 11.06.2020թ. N 1856–Ա հրամանով հաստատվել է «Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցը, որն ուղարկվել է ԱԱՊ հաստատություններին, ինչպես նաև տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում (հղումը՝ http://moh.am/images/legal-553.pdf)

Հ.Գ
Առողջապահության նախարարությունը կոչ է անում, մասնագիտական հարցերը քննարկել բժիշկ-մասնագետների հետ, մասնավորապես առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուի և նախարարության բուժվարչության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս