«Հատկապես մտահոգիչ է, որ ոստիկանությունը չի խորշել ուժ կիրառել դիտորդություն իրականացնող իրավապաշտպանների և կանանց նկատմամբ». Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է այսօր ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը և նրանց նկատմամբ ուժի կիրառումը: Հատկապես մտահոգիչ է, որ ոստիկանությունը չի խորշել ուժ կիրառել դիտորդություն իրականացնող իրավապաշտպանների և կանանց նկատմամբ:
Իրավական պետությունում ազատությունից զրկելու և ուժի կիրառման ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական: Մինչդեռ ոստիկանության գործողությունները վկայում են, որ պահպանված չեն մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված նույնիսկ տարրական երաշխիքները:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել վերը նշված իրադարձությունների և այդ ընթացքում թույլ տրված խախտումների վրա:
Կոչ ենք անում տուրք չտալ իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող ստահոդ տեղեկություններին, իրավիճակը գնահատել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային սկզբունքների լույսի ներքո` այն իրողության հաշվառմամբ, որ իշխանական քարոզչամեքենայի ազդեցությունը բավականին մեծ է նաև ձեր կառույցների ներսում ու աշխատակիցների շրջանում:
Կարևոր է ստեղծված իրավիճակը գնահատել Ձեր դավանած արժեքներին համապատասխան` վերացարկվելով կոնկրետ անձանցից և արձագանքել Հայաստանում ստեղծված այն իրավիճակին, երբ քրեական գործերը դարձել են ընդդմախոսներին և այլախոհներին լռեցնելու միակ գործիքը»: