Իշխանությունը գնում է ուժային ճնշումների ճանապարհով. Մելքումյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ երկիրը գտնվում է ծանր վիճակում, այդ մասին հայտարարում է նաև իշխանությունը՝ ընդունելով, որ դժոխային վիճակում ենք ապրում։
«Սրան ի պատասխան մենք ասում ենք՝ եկեք կանգնենք, հասկանանք, թե երկիրն այս տեմպերով ո՞ւր է գնում, բայց անարդյունք, որովհետև իշխանությունը խուսափում է քաղաքական պայքարից և գնում է ուժային ճնշումների ճանապարհով»,- այս մասին այսօր, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող գործողություններին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Չի՛ կարելի խուսափել քաղաքական պայքարից և գնալ ուժային մեթոդների, սա անընդունելի է։ Այժմ առանձնատանը կատարվում են իրավական ինչ-ինչ գործողություններ, մենք կարճ ժամանակ անց կիմանանք, թե ի՞նչ է կատարվել և այդ մասին կասենք բոլորին։ Փոքր երկրում որևէ բան անհայտ չի՛ մնալու, մենք համոզված ենք, որ գնացել ենք ճիշտ ճանապարհով»,- ասաց Մելքումյանը։