Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատարանը կայացրել է հունիսի 12-ին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի՝ պահանջելով, որ նրանք հրապարակայնորեն հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, դրանք հեռացնեն, հրապարակեն հերքման տեքստը ու փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:
Հայցադիմումի պատճառ է հանդիսացել ապրիլի վերջերին մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն առ այն, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։