Բաժիններ՝

Նախարարությունը ժամանակին պետք է նախագիծը ստացած լիներ, որը չի ստացել․ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ֆիրդուսի թաղամասի մասին

Այսօր Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում «Ֆիրդուսի» կոչվող թաղամասի կառուցապատման շուրջ անցկացվող քննարկման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժ/պ Արմեն Ղուլարյանը նախ տարածքի պատմությունը ներկայացրեց.

«Ալ․Թամանյանի կողմից 1924թ․ մշակված Երևանի գլխավոր հատակագծով նախանշված հիմնական հորինվածքային առանցքներից էր հարավային՝ ներկայիս Տիգրան Մեծ պողոտան, որը նախատեսված էր բնակելի և հասարակական կառուցապատման համար։ Հարավային պողոտային էր հարում Ֆիրդուսի թաղամասը, որը, ըստ պատմական տեղեկությունների՝ Երևանի ամենահին թաղամասերից էր, որտեղ 1990-ական թթ․ կիսախարխուլ , տարերայնորեն տեղակայված բնակելի տներով կառուցապատված և բակային տարածքներում ձևավորվեց շուկա, ինչն էլ գտնվելով մայրաքաղաքի փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ, ստեղծեց ճարտարապետական կերպարին անհարիր միջավայր»,- ասաց Արմեն Ղուլարյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախկինում ներկայացված նախագծերում բարձր հարկայնությամբ և բարձր խտությամբ կառուցապատում է առաջարկվել, ինչը մարդկանց և մեքենաների խոշոր կուտակումներ էր ստեղծում։

«Նշված նախագծերի վերլուծությունների հիման վրա 2015թ․ մշակվում և 2016թ․ ներկայացվում է Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման նոր ներդրումային ծրագիր՝ նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյան։ Համաձայն որի՝ Տիգրան Մեծ պողոտայի, Հանրապետության, Բյուզանդի, Խանջյան փողոցների միջակայքում, Ֆիրդուսի փողոցին հարող ավելի քան 5 հեկտար մակերեսով տարածքում նախատեսվում է իրականացնել բնակելի և հասարակական   թաղամասի կառուցապատում։ Նախագծով՝ Տիգրան Մեծի պողոտայից՝ Խանջյան, Բյուզանդի փողոցներից՝ դեպի թաղամասի կենտրոն ուղղված երեք լայն ճառագայթաձև փողոցները միմյանց հատվելով՝ կազմում են մոտ 85 մետր տրամագծով, Երևանի համար եզակի շրջանաձև կլոր կենտրոնական հրապարակ՝ հետիոտն հանգստի գոտիով, ստորգետնյա երկհարկանի ավտոկայանատեղիներով։ Թաղամասի տարածքը պայմանականորեն բաժանվել է 3 գոտու, որտեղ, ըստ Հանրապետության հրապարակի հեռավորության՝ սահմանվել են  կառուցապատման թույլատրելի բարձրությունները։ Տարածքում նախատեսվում են կանաչ գոտիներ, խաղահրապարակներ, տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացիների համար համապատասխան կահավորանք։ Կստեղծվի Հրապարակին հարիր միջավայր։ Տարածքում գտնվող առկա հուշարձան շենքերը նախագծի շրջանակներից դուրս են և ամբողջությամբ պետք է պահպանվեն։ Եվ բոլոր հուշարձան շենքերը, որոնց ճակատային մասն իրականում շատ հետաքրքիր լուծում ունի, այդ բոլոր հուշարձանները, ըստ ծրագրի՝ պետք է վերականգնվեն կառուցապատողի կողմից։ Ընդհանուր առմամբ 5 հեկտար տարածք է, ընդհանուր մակերեսը՝ 200,000 քմ, կառուցապատման խտությունը՝ 30 տոկոս։ Մյուս 70 տոկոսն ամբողջությամբ կառուցապատվելու, բարեկարգվելու է կառուցապատողի կողմից։ Ընդհանուր օգտագործման տարածքներ են»,- մանրամասնեց Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ 2018թ․ մարտի 22-ին հաստատվեց Երևանի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության 332-Ն որոշումը։ Կառավարությունն առաջարկել է վերը նշված կառուցապատման հայեցակարգին զուգահեռ՝ ներկայացնել նոր առաջարկություններ։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնեց, որ հարցը երկու անգամ քննարկվել է։

«Մի քանի պատճառներով իմ անհամաձայնությունն եմ հայտնել։ Ես հասկանում եմ, որ այս թաղամասն ավերակ վիճակում է և վերակառուցման ճանապարհ պետք է անցնի։ Բայց մենք՝ իբրև գերատեսչություն, որ պատասխանատու է հուշարձանների համար, նախարարությունը ժամանակին պետք է նախագիծը ստացած լիներ, որը չի ստացել։ Ընդամենը մեկ գրություն ենք ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից՝ կարծեմ 2019թ․ վերջին, ազդեցության մասին՝ կապված 46 շենքի շրջակայքի հետ, և բացասական կարծիք է տվել գործակալությունը՝ նկատի ունենալով հոծ կառուցապատումը, բայց պարոն Ղուլարյանից լսեցի, որ դա այդպես չէ։ Իրականում հատակագիծը պետք է  բխի գոտիավորման նախագծից՝ հիմնավորումից։ Կարծում եմ՝ ժամանակն է նստել սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչից ենք սկսում՝ գոտիավորո՞ւմ ենք՝ հաշվի առնելով հուշարձանների առկայությունը, նոր հատակագիծը։ Գուցե կա երրո՞րդ տարբերակը, չգիտեմ։ Պետք է գտնենք ճիշտ տարբերակ՝ Երևանն ավելի աղճատման չտանելու համար»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։

Արմեն Ղուլարյանը հակադարձեց՝ ասելով, որ կարգը, անհրաժեշտ պայմանները ժամանակին պահպանել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս