Համավարակը պատերազմ է, և մենք այդ պատերազմում խայտառակ պարտություն ենք կրում, ինչի միակ պատասխանատուն իշխանություններն են․ Վազգեն Մանուկյան․ ankakh.com
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանն ankakh.com-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին, իշխանությունների գործելաոճին ու վարքագծին, կառավարության հրաժարականի պահանջներին և այլ հարցերի։
-Պարոն Մանուկյան, արդյո՞ք համավարակը պատերազմ է, և եթե այո, ի՞նչ դիրքերում ենք մենք այդ պատերազմում։
-Այն, որ սա պատերազմ է, առաջինը հայտարարեց Ֆրանսիայի նախագահը, որից հետո այդ միտքը կրկնվեց աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և մեր երկրում։ Այո, սա պատերազմ է, և մենք այդ պատերազմում խայտառակ պարտություն ենք կրում։
Այն ցուցանիշները, որ մենք ունենք՝ հարյուրավոր մահեր, հազարավոր հիվանդներ ու վարակակիրներ, վկայում են, որ մենք վատ առումով տարբերվում ենք ոչ միայն մեր հարևան, այլև շատ ուրիշ երկրներից։
Ո՞վ է մեղավոր և ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար։
Եթե ժողովրդի մասին խոսենք, ապա աշխարհի ոչ մի երկրի ժողովուրդ էլ չի ուզում մեկուսանալ, չի ուզում ենթարկվել սահմանափակումներին, ապստամբում է և այլն։ Այդ տեսակետից մեր ժողովուրդն այս հարցում համեմատաբար ավելի կարգապահ է, քան շատ ուրիշ երկրների ժողովուրդներ։ Դա ցույց տվեց նաև առաջին օրերին պարտադրված մեկուսացումը, երբ իշխանությունների վերահսկողությունը դեռևս ձևական բնույթ չէր կրում։
Իսկ միգուցե մեղավոր է մեր առողջապահակա՞ն համակարգը կամ մեղավոր են բժիշկնե՞րը։
Ի տարբերություն շատ այլ երկրների՝ մեր առողջապահական համակարգն ու մեր բժիշկները սովոր են աշխատել էքստրեմալ իրավիճակներում։ Ե՛վ Արցախյան պատերազմի ժամանակ, և՛ սահմանային ընդհարումների ժամանակ մեր բժիշկները հարյուրավոր ծանր վիրավորների են փրկել ու չեն տրտնջացել։ Այս տեսանկյունից՝ մեր բժիշկներն ավելի պատրաստ են էքստրեմալ իրավիճակներում աշխատելուն, քան շատ ուրիշ երկրների բժիշկներ։
Այս իրավիճակի միակ պատասխանատուն իշխանություններն են։
Ես ինքս ապրել եմ Հայաստանի մի շարք ղեկավարների օրոք և հնարավորություն եմ ունեցել նրանց գործունեությունը գնահատել ոչ միայն իբրև քաղաքացի, այլև անձամբ շփվելով նրանց հետ՝ Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Կարող եմ պնդել, որ նրանցից որևէ մեկի օրոք նման իրավիճակ չէր ստեղծվի։ Հայաստանի ղեկավարները նաև միշտ անուղղակի ու չգրված ձևով մրցել են մեր հարևանների՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ և երբեք թույլ չէին տա, որպեսզի մենք նման խայտառակ վիճակում հայտնվենք։ Հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչ էր պետք անել, որ չարվեց, ինչ պետք չէր անել կամ ինչ է պետք անել հիմա։ Դա առանձին խոսակցության թեմա է։ Բայց պետք է ֆիքսենք, որ իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։