«Նման բան չկա»․ համայնքապետը՝ բժիշկներին չթեստավորելու և աղանդավորական հավաքների արդյունքում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացման լուրերի մասին
Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները ահազանգում են, որ վարակված են, սակայն չեն թեստավորվում։ Այս մասին հունիսի 4-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթում ասել էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ասում են՝ մեզ թեստեր չեն անում, բոլորս վարակված ենք, տաքությունով գնում ենք հիվանդներին առաջնային օգնություն ցույց տալու»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ պատրաստվում են փակ նիստ հրավիրել՝ պարզելու, թե ինչի վրա են ծախսվել գումարները, որ փոխանցվում են կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը՝ ասաց․ «Նման բան չկա։ Հիմնական մասը թեստավորվել է, մի քանիսն են մնացել, իսկ նրանց թեստավորումն ընթացքի մեջ է։ Բժիշկները, ովքեր որ կասակծներ են ունեցել, նրանք թեստավորվել են, մեկուսացվել։ Ախտանշաններ չունեցողներին ևս թեստավորում են, որ թաքնված ինչ-որ բաներ չլինեն»։
Հարցին՝ արդյոք հավաստի՞ են այն տեղեկությունները, որ համայնքում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ավելացումը կապված է նրա հետ, որ աղանդավորական հավաքներ են եղել ու այդպես տարածվել է վարակը, Նոյեմբերյանի համյանքապետը պատասխանեց․
«Նման հավաք մեզ մոտ չի եղել, ես չգիտեմ՝ իրենք ուրիշ տեղ գնացել են, թե չէ, դա հստակ չեմ կարող ասել։ Նոյեմբերյանում նման հավաք չի եղել»։
Հավելենք, որ մայիսի 23-ին համայնքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես գրված էր․ «Աշխարհին պատուհասած համավարակից խուսափել չհաջողվեց. կորոնավիրուսը Նոյեմբերյանում է։ Ցավոք, հաստատված դեպքերի թիվն օրեցօր ավելանում է։ Ակտիվ աշխատանքներ են տարվում վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ, այս պահին կան մեկուսացված մի քանի ընտանիքներ»։



