Վարչապետի կողմից մարդկանց լուսանկարների հրապարակումը մարդու իրավունքների ու ազատությունների բիրտ, կոպիտ խախտում է. Լարիսա Ալավերդյան

Արդեն չորս օր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրում է տարբեր քաղաքացիների լուսանկարներ, նաև տեսանյութեր, որոնցում երևում է, որ քաղաքացիները ինչ-ինչ ձևով չեն պահպանել կորոնավիրուսով պայմանավորված՝ պարետի որոշմամբ սահմանված կանոնները: Նկարների ու տեսանյութերի մեծ մասից կարելի էր հասկանալ, որ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն, որ իրենց լուսանկարում կամ տեսանկարահանում են: Վարչապետն անգամ հունիսի 2-ին հորդորել էլ բոլորին տեսանկարահանել ու լուսանկարահանել «հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը», ուղարկել իր ֆեյսբուքյան էջին՝  նշելով «խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց», ինքն էլ խոստացել էր հրապարակել դրանք:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալ է համարվում «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»: Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով»:

168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն ասաց, որ վարչապետի ֆեյսբուքյան էջում լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը խախտում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը:

«Պատասխանը մեկն է՝ դեմքը պետք էր ծածկել: Այսինքն՝ կարևոր է երևույթը, ոչ թե անձը, ու դեմքը պետք էր ծածկել, կամ աչքերը փակել, որ չիդենտիֆիկացվի անձը»,- ասաց Արա Ղազարյանը:

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ բոլոր կանոնները, որոնք խախտվում են, պետք է լուծվեն իրավական ճանապարհով: Իսկ դրանց իրավական ճանապարհը, ըստ նրա, վաղուց հայտնի է: Իրավապաշտպանի խոսքով՝ նախևառաջ իշխանությունները պետք է ցուցաբերեն դրական օրինակ, ապա նոր միայն դրան հետևեր նորմերի խախտումներն արձանագրելը:

«Մենք այս դեպքում գործ ունենք բիրտ և արդեն զանգվածային բնույթ կրող՝ մարդու անձնական կյանքի հանդեպ միջամտության և մարդու իրավունքների ու ազատությունների խախտման հետ: Բիրտ, կոպիտ, դա կարելի է անվանել՝ այդ դաշտում խուլիգանություն: Դա չի կարող իրեն թույլ տալ որևէ կերպ մարդը, եթե նա գիտի, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Ես Ձեզ հիշեցնեմ, որ ժամանակին, տարբեր առիթներով տպագրում էին, որ ինչ-որ մեկը ինչ-որ ուրիշին մի տեղ նկարել է կամ նկարահանել է ու տարածել է: Դրա տարբերությունը այսօրվանից նա է, որ դա անում է բարձրաստիճան պաշտոնատար անձ, օրվա վարչապետը: Դառնում է, որ  պետությունն է միջամտում և ոտնահարում մարդու անձնական կյանքի հանդեպ այն անձեռնմխելիության ամբողջ դաշտը:

Երկրորդ: Արդյո՞ք դրանով արդարացվում է այս կամ այն վարչական կամ կանոնակարգային ինչ-որ նորմերի խախտումը: Ոչ, իհարկե: Ես դա դատապարտում եմ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է՝ ամբոխավարություն է, ու նման է բոլշևիկյան հեղափոխությունից հետո եղած դեպքերին, երբ մարդկանց ձեռ էին առնում, ամբոխին ուղղում էին դեպի այս կամ այն մարդը՝ տարբեր առիթներով, շատ անգամ՝ անառիթ:

«Դա ամբոխավարության մեջ ամենածայրահեղ միջոցներից մեկն է, և դրանք օգտագործվել են բոլոր, այսպես կոչված, հեղափոխություններից, անգամ իսկական հեղափոխություններից հետո, օրինակ, առաջին հերթին՝ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը: Դրանից հետո որևէ մեկին հնարավոր չէր պատկերացնել պաշտպանված՝ լինի դա պետության միջամտությունից, լինի դա պետության կողմից ուղղորդվող ամբոխի կողմից:

Եվ ուղղակի պետք է պահանջենք, ես պահանջում եմ, որ վերջ տրվի այդ մեթոդին, որովհետև այդ գործելակերպը երկրորդ երես ունի: Դա ցուցադրում է կառավարման մեթոդներին տիրապետելու մեջ ամբողջովին անօգնականությունը:

Այս ամենը խուլիգանություն է: Սա կառավարում չի կարելի անվանել, և դրան վերջ պետք է տրվի: Վերջապես մենք գործ ունենք արդեն իսկ պատմություն ունեցող անկախ պետության հետ: Ես չեմ ասում մեր՝ դարերով եկած պատմության մասին: Եվ հիմա գործել, այսպես կոչված, սամասուդի ձևերով, ինքնադատաստանի կոչ անել, դրան պետք է վերջ տրվի մեկընդմիշտ: Դրա համար պետք է ի վերջո պահանջ լինի: Ես կոչ չեմ անում մարդկանց դուրս գալ փողոց և վտանգել իրենց և իրենց բարեկամների կյանքերը: Բայց ես կարծում եմ՝ կան մեթոդներ նույն սոցցանցերում, որոնք  շատերն օգտագործում են, կներեք,  իրենց հայհոյախառը լեզուն զարգացնելու համար: Այսօր կան մեթոդներ, որով կիրթ հասարակությունն արտահայտում է իր վերաբերմունքը: Եվ պետք է պահանջել վարչապետից ուղղակի դադարեցնել և ներողություն խնդրել արածների համար»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնեց, որ կատարվողը «ոչ թե մարդկանց դատափետելու, մեղադրելու ու դատապարտելու համար է, այլ մեր պրոբլեմը հասկանալու համար», Լարիսա Ալավերդյանը շատ հստակ արձագանքեց.

«Նա կարող է՝ ինչ ուզում է ասել: Նա չպետք է դա անի»:

«Էյջ Վի Էյջ» փաստաբանական ընկերությունն օրեր առաջ հայտնել էր, որ պատրաստ է ստանձնել այն անձի (անձանց) իրավունքների և շահերի պաշտպանությունը, ում՝ ի կատարումն վարչապետի ֆեյսբուքյան կոչ-ստատուսի, կտեսանկարահանեն (կլուսանկարահանեն): «Էյջ Վի Էյջ» փաստաբանական ընկերության փաստաբան Նարե Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարչապետի կողմից քաղաքացիների լուսանկարների հրապարակումը համարում են մարդու իրավունքների խախտում և ոտնահարում: Փաստաբանի խոսքով՝ նման եզրահանգման կարելի է գալ՝ կարդալով ՀՀ Սահմանադրության 31-րդ (Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը) և ՄԻԵԿ 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) հոդվածները:

«ՀՀ-ում COVID-19 համավարակով պայմանավորված, հատուկ իրավական ռեժիմով պայմանավորված պարետի և կառավարության որոշումներով վարչապետը չի հանդիսանում այն սուբյեկտը, ով իրավասու է անձնական տվյալներ հավաքելու, մշակելու և կոչ անելու քաղաքացիներին այդպիսի տվյալներ իրեն տրամադրել: Առավել ևս նման սուբյեկտներ չեն հանդիսանում ՀՀ շարքային քացաքացիները:

Բացի այդ, պարետի և կառավարության որոշումներով նախատեսված չեն  անձնական տվյալների պաշտպանության իրավունքի սահմանափակումները՝ կապված քաղաքացիներին լուսանկարահանելու հետ, և դրանց խախտումները կարող է հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կոնկրետ հանցակազմի առաջացմանը:

Մենք իրավունք չենք վերապահում կասկած հայտնել վարչապետի մղումների և ցանկությունների ազնվության, համավարակի դեմ պայքարի ասպարեզում նրա կողմից ձեռնարկված առավելագույն ջանքերի կապակցությամբ, սակայն հարկ է նշել, որ իրավաչափ նպատակների հնարավոր չէ հասնել ոչ իրավաչափ եղանակով, քանզի գործընթացի ոչ իրավաչափությունը կարող է ստվերել ցանկացած արդյունք՝ անկախ դրա  վեհ ու բարի բովանդակությունից»,- ասաց Նարե Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս