Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Մայիսի լույս 30-ի գիշերը ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ մայրաքաղաքում հաշվառված 36-ամյա մի տղամարդ թմրամիջոց է պահում և օգտագործում։ Կասկածվողը Փարաքար գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց էր։
Օրերս Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության ևս մեկ դեպք են բացահայտել։ Այս անգամ կասկածվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում ու բերման ենթարկվեց բաժին։ Երևանի բնակիչ, 22-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, ինչպես նաև մարիխուանա։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։