Նիկոլի պոլեմիկան, կամ` քաղաքական ընկճախտի հետևանքները

Համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև քաղաքական իշխանության անպատասխանատու վերաբերմունքը պետության ներսում առաջացրել է կատարյալ շիլաշփոթ, որտեղ, բառացիորեն մի քանի օր է՝ տիրում է անկառավարելի քաոս։

Այս ամենի հիմքում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության, մեղմ ասած՝ ոչ ադեկվատ պահվածքն է․ արդեն մի քանի օր է, ինչ Փաշինյանն ակնարկում է երկրում ստեղծված բարդագույն իրադրության մասին, սակայն կա մի բայց։

Երկրի կատաստրոֆիկ իրավիճակի համար Փաշինյանը մեղավորներ է փնտրում և բոլոր վեկտորները թեքում դեպի շարքային քաղաքացին, ում պատճառով էլ, նրա բնորոշմամբ, օրական ունենում ենք մեկ տասնյակից ավելի մահեր։ Բանը հասավ նրան, որ Փաշինյանը նախօրեին իրականացրեց պետության ղեկավարին ոչ հարիր մի ֆլեշմոբ՝ ազգաբնակչությանը կոչ անելով իրեն ուղարկել մարդկանց կուտակումներով դեպքերի լուսանկարներ։

Սա միանշանակ անտրամաբանական ու անբովանդակ մի գործողություն էր, քանի որ երկրի վարչապետն արդեն ակնհայտորեն սկսել է չտիրապետել համաճարակային իրավիճակին և դեպրեսիվ որոշումներ է կայացնում՝ ըստ ստեղծված իրավիճակի։ Օրինակ, Փաշինյանը բողոքում ու համավարակի տարածման մեջ է մեղադրում զինակոչիկներին, ովքեր իրենց բուժզննումն են անցնում հիվանդանոցում, բանկերում և փոստային բաժանմունքներում իրենց վարկային և կոմունալ վճարումները կատարող մարդկանցից, ավտոբուսով աշխատանքի մեկնող մարդուց, կարճ ասած՝ բոլորին՝ բացի իրենից։ Այս ամենը համադրելով՝ կարող ենք նշել, որ Փաշինյանը վերջին օրերին գտնվում է քաղաքականապես ընկճված վիճակում։

Թերևս, կհամաձայնեք, որ ներկայումս երկրի ներսում ստեղծված իրավիճակում կառավարությունը պարտավոր է դիմել արտակարգ միջոցառումների։ Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել տնտեսությունը փրկելու նաիվ փորձերն ու գոնե այս լրջագույն ու մարդկանց կյանքին իրական վտանգ սպառնացող փուլում մոռանալ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր պահելու ցինիկ ու հակապետական աշխատանքի մասին։

Իրականում ստեղծված իրավիճակում լավագույն լուծումն այն կլինի, եթե գոնե մեկ շաբաթով ապահովվի կոշտ կարանտին, որի ընթացքում կբացառվի ցանկացած տեղաշարժ և որևէ կամայական գործունեություն։

Պետությունն ունի կոշտ քայլեր իրականացնելու և նույնիսկ բռնության դիմելու լեգիտիմ մենաշնորհ, և ահա, եկել է այդ գործիքից օգտվելու ամենապահանջարկված պահը, իսկ իր վերջին «լայվ»-ում Փաշինյանը խոսում էր ստեղծված իրավիճակը որևէ կերպ վերահսկելու անհնարինության մասին։

Հենց այստեղ է, որ առաջանում է մի բավականին առանցքային հարց՝ պատրա՞ստ է արդյոք փաշինյանական կառավարությունն իր վարկանիշի հաշվին հաղթել համավարակին, թե՞ վերստին պատրաստվում են վարկանիշը վեր դասել պետությունից և անմեղսունակության դիրքերից ամբողջ մեղքը բարդել քաղաքացիների միֆական անպատասխանատվության վրա։

Այս ամենին գումարած՝ իշխանական խմբակցությունն իր հերթին՝ խորհրդարանում կոլորիտային տրագիկոմեդիա բեմադրեց՝ փորձելով ամեն կերպ ապացուցել Փաշինյանի պնդումների ճշմարտացիությունն ու իդեալականությունը։ Միմյանց հերթ չտալով՝ իմքայլականները ջանք չէին խնայում հակադարձել ԱԺ ամբիոնից հնչող ընդդիմության քննադատական խոսքին, ինչպես նաև հեռական պոլեմիկայի մեջ մտնել ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց համոզելով, որ իրենք չեն խուսափում պատասխանատվությունից։

Իշխանության մեջ ներկայումս գոյություն ունեցող խուճապային ու անկառավարելի քաոտիկ զարգացումները խոսում են նրանց ոչ գաղափարական ու անբովանդակ քաղաքական կառույց լինելու մասին, երբ ողջ թիմում մտածում են հատվածական, չկա շարունակական քաղաքականություն և հարցի վերաբերյալ սեփական մոտեցում ու մեկնություն։

Ամենամարազմատիկն այս ամենի մեջ այն էր, երբ իշխանության հասցեին հնչող քննադատությունից շփոթված և իրականության ու տարածության զգացումը կորցրած իշխանությունները դարձյալ հիշում են նախկին իշխանությանը։

ՀՀ ներսում ստեղծված ծայրահեղ համաճարակային իրավիճակն անգամ Նիկոլ Փաշինյանին և նրա «լեգիոնին» չի կարողանում մոռացության տալ «երկիրը թալանողներին»։

Այսօր խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ իմքայլականները հիշեցին «Սերժի Հայաստանը», այս անգամ արդեն՝ պետականամետության գաղափարի տիրույթում։ Իրենց ողջ կյանքում մարգինալ ու ծայրահեղ անջատողական մոտեցման կրողները խոսում են պետականամետությունից ու պետության կարևորության անհրաժեշտության մասին, հենց այստեղ էլ կայանում է մեր ողջ ազգային ողբերգությունը։

Ցանկացած այլ խելամիտ քաղաքական գործիչ, ով այդքան շատ է կարևորում պետությունն ու քաղաքացուն, վաղուց վերաճած կլիներ պետական գործչի՝ մի կողմ դնելով անձնական հակակրություններն ու ատելությունները, չբավարարված ամբիցիաների արթնացրած մաղձոտ հիշողությունները։ Իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում որևէ լուրջ քաղաքական որոշման ու պետականամետության մասին խոսելն անիմաստ է։

Տարօրինակ համառությամբ՝ համավարակի դեմ համընդհանուր պայքարի թեմայի հետ կապված՝ անընդհատ զուգահեռներ են տանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության հետ՝ նշելով, թե «այդ համընդհանուր պայքարը հայ ժողովրդի հավաքական ցանկության արդյունք էր»։ Նման անբովանդակ ու ինքնախաբկանքի պարագայում, մեղմ ժպտալուց բացի, ուրիշ ոչինչ անել պետք չէ։ Իշխանությունները հասկանում են, որ, ինչպես երկու տարի առաջ, մարդիկ իրենց չեն վստահում։

Նիկոլ Փաշինյանը, ով փայլուն գիտակցում է, թե ինչ անելանելի վիճակում է այսօր, որ իր ղեկավարած կառավարությունն ամեն ինչ ձախողել է, հերթական անգամ փորձում է խուսափել քաղաքական պատասխանատվությունից և տեղի ունեցածի ողջ մեղքը բարդել շարքային քաղաքացու վրա (Փաշինյանն իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում ապացուցել է, որ ինքը թիմային խաղացող չէ և միշտ «քցել» է յուրայիններին, տվյալ դեպքում, երբ նա հայտարարում է, որ, եթե մեղավոր է կառավարությունը, ապա մեղավոր է ժողովուրդը, քանի որ ինքը ժողովրդի գործընկերն է, բոլոր շանսերը կան, որ նա «կքցի» նաև հանրությանը)։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս