Նորքի տուն-ինտերնատում այլևս ծանր վիճակում գտնվող վարակակիրներ չկան. նախարարի խոսնակ

Նորքի տուն-ինտերնատում բնակվող կորոնավիրուսով վարակված տարեցներից մեկը, որ ուներ երկկողմանի թոքաբորբ, և  վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, այսօր կրկնակի բացասական թեստից հետո դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից. ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԲԿ-ի PR  մենեջեր Ծովինար Խաչատրյանը:

«Մեկ շաբաթից ավելի նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու: Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել»,- գրել է նա:

168.am-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ Նորքի տուն-ինտերնատում այլևս նման ծանր վիճակում գտնվող վարակակիրներ չկան:

«Տատիկը թեև դուրս է գրվել, բայց շարունակում է ռիսկային գոտում մնալ՝ կապված տարիքի հետ, նա 101 տարեկան է: Նազանի տատիկին, իմ տեղեկություններով՝ տեղափոխելու են տուն-ինտերնատ, նրան 14 օր հատկացվելու է առանձին սենյակ: Որոշված է, որ հիվանդանոցներից  թեկուզ թեստի բացասական արդյունքով դուրս գրվող մարդկանց ևս մի քանի օր մեկուսացնենք»,- ասաց Մարտիրոսյանը:

ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակը նաև տեղեկացրեց, որ այս պահին հոսպիտալացված է 14 տարեց, 28 աշխատակից, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս, հյուրանոցներում են:

«Տարեցներից ում մոտ հաստատվել է կորոնավիրուս, հոսպիտալացվել են: Տուն-ինտերնատում այս պահին վարակակիրներ չունենք, աշխատակիցներն ասիմպտոմ են եղել, այդ պատճառով մեկուսացվել են հյուրանոցներում»:

Տեսանյութեր

Լրահոս