Միքայել Մելքումյանն առաջարկում է բարձրացնել ավանդների երաշխավորման շեմը
ԱԺ-ն քննարկում է«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակը:
Պատգամավորը նախ հիշեցրեց, որ օրենքով նախատեսվում է, որ 5 տարին մեկ անգամ այս օրենքում պետք է փոփոխություններ նախատեսվեն: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 միլիոն հայկական դրամ է՝ գործող 10 մլն դրամ շեմի փոխարեն: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 միլիոն ՀՀ դրամ է, գործող շեմը 5 մլն դրամն է:
«Գործում է համապատասխան հիմնադրամ, որ ավանդների հատուցումը երաշխավորվի: Նախագծով չեն նախատեսվում բանկերի կողմից լրացուցիչ մուտքեր այդ հիմնադրամին»,-ասաց Մելքումյանն ու նշեց՝ գործող չափերը պահպանվել են:
Պատգամավորը նկատեց՝ չնայած նրան, որ ավանդային միավորների մոտ 98 տոկոսը թվաքանակով երաշխավորվում է, բայց ծավալային առումով ընդամենը 41.5 տոկոսն է: Մելքումյանի կարծիքով՝ շեմի բարձրացման արդյունքում առնվազն 3-4 տոկոս կբարձրանա ցուցանիշը՝ մոտենալով 45 տոկոսին: «Սա փաստում է, որ փոքր ու միջին ավանդատուների հատուցումը երաշխավորում ենք»,- նշեց Մեքումյանը:
Ի դեպ, Հայաստանում կա 3 տրիլիոն դրամից ավելի ավանդ: Առնվազն 1 միլիոնից ավելի ավանդատուներ կան: