Հանձնաժողովի ստեղծումն անխուսափելի է
Միքայել Մինասյանի 7-րդ տեսաուղերձը հակասական տպավորություն է թողել։ Մտահոգություն, չհավատալու ցանկություն, տագնապ՝ հնարավոր սխալ արձագանքի բովանդակությամբ։
Կա անկեղծ ցանկություն, որ հնչեցվածը իրականություն չլինի, կա հակվածություն՝ չհավատալու բերված պնդումներին։ Եվ դա պայմանավորված է թեմայի` չափից դուրս զգայուն և վտանգավոր լինելով։
Հաշվի առնելով, որ բարձրացված հարցերն առնչվում են ազգային անվտանգությանը, թերևս միակ ճիշտ արձագանքը կլիներ ժամեր անց պաշտոնական փաստակված հերքումը։ Ցավոք, դա չեղավ։
Փոխարենը տեղի ունեցավ այն, ինչից ամեն կերպ պետք էր խուսափել՝ վարչապետի ընտանիքի անդամը կարդաց իր համար նախապատրաստած տեքստը։ Սա վատ ավանդույթ է, որովհետև այն ցանկացած լուրջ թեմա աններելիորեն կենցաղայնացնելու ներուժ ունի, և այս ժանրը պետք է մեկընդմիշտ դադարեցնել. այն մի կողմ է դնում պետության գաղափարը։ Ընտանիքի անդամի ելույթից ծագում է մեկ 2 պարզ հարց.
Ա/ Որտեղի՞ց նա գիտե այն, ինչի մասին խոսում է։ Նրա կարգավիճակը որևէ կերպ թույլ չի տալիս տեղյակ լինել պետական նման գաղտնիքներին կամ քրեական գործերի նյութերին։
Բ/ Ինչո՞ւ իշխանությունը պաշտոնական խողովակներով չի արձագանքում և չի հերքում շաբաթ երեկոյան հնչեցվածը։ Մի բան, որ դիտել են բոլորը։
Նման իրավիճակում հաջորդ տրամաբանական քայլը պետք է անի խորհրդարանական ընդդիմությունը, խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները. ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու հնչեցված փաստերը։ Հանձնաժողովի քննության առարկա պետք է դառնա ոչ միայն տեսաուղերձում հնչեցվածը, այլև վերջին փուլում (կամ` ցանկացած այլ փուլում) զենքի ձեռքբերման հետ կապված գործարքները։ Այստեղ հնի և նորի բաժանում չի կարող լինել. այստեղ կա մեկ թեմա՝ ազգային անվտանգություն։
Եթե կա ձեռքբերված անորակ զենք, ապա պետք է լինի հստակ պատասխանատվություն։ Վարչապետ Փաշինյանը իր 100 փաստերը ներկայացնելիս հայտարարել է, որ «կառավարությունը այլևս փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, և ձեռք բերված սպառազինությունը կամ 2019-ի արտադրության է, կամ՝ չօգտագործված»։ Ընդամենը պետք է ստուգել՝ վարչապետի ասածները ամբողջովին համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ։
Հանձնաժողովի ստեղծումից խուսափելն անշահեկան է բոլորի համար։ Դրանով վերջ կդրվի անվտանգության թեմաները բաց ու ոչ պրոֆեսիոնալ ձևով քննարկելու ժանրին։ Չի բացառվում, որ Հ. Հակոբյանին փորձեն միանալ այլ իմքայլականներ, և անփորձությունից ավելի մեծ վնաս պատճառեն պետությանը։ Անլուրջ է՝ այս թեմաների շուրջ խոսել «ընտանեկան» միջավայրում՝ տեսանյութ նկարելով կառավարական ամառանոցների շրջակայքը խիստ հիշեցնող տարածքում, և այլն։
Լուրջ թեմաները պահանջում են լուրջ ուսումնասիրություն, լուրջ հարցադրումները պահանջում են լուրջ հետևանքներ։ Եթե կա ապրիլյան հանձնաժողով, ապա այս հարցով չստեղծելը կլինի փախուստ իրականությունից։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»