«ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել՝ լինի այն ստատիկ, թե դինամիկ հղում». Գոռ Հովհաննիսյան
Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ նախնական գնահատականը ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։
Իմ հասկանալով՝ դատախազությունը այդ հոդվածի շրջանակում կիրառում է գործող սահմանադրական նորմերը՝ 2015 թ․ խմբագրությամբ։ Բայց արդյոք էսօրվա սահմանադրական նորմերը կիրառելի են, թե ոչ, կախված է այն հարցի պատասխանից, թե ինչպիսի հղում է 300․1-րդ հոդվածի հղումը՝ ստատիկ, թե դինամիկ։
Դատախազությունից հնարավոր չէ ակնկալել այս հարցի պարզաբանումը, որովհետև նրա մտքով չի էլ անցնում, թե սահմանադրական նորմերի կիրառումը կախված է այս հարցի պարզաբանումից։ Ու նրա մտքով չի անցնում դա, որովհետև նա չգիտի, որ հղումները կարող են ստատիկ կամ դինամիկ լինել, ու թե որը ինչ է նշանակում։ Բայց հասկացող մարդը երբ նայում է դատախազության արածին, տեսնում է, որ դատախազությունը 300․1-րդ հոդվածը կիրառում է իբրև դինամիկ հղում (առանց այդ մասին իմանալու)։
Հղումը ստատիկ է, թե դինամիկ, շատ հաճախ պետք պարզել նորմի մեկնաբանման միջոցով։ Իմ կարծիքով՝ 300․1-րդ հոդվածն օրենասդիրը ձևակերպել է իբրև ստատիկ հղում (բնականաբար էլի առանց իմանալու), որովհետև նա 2009-ին այս հոդվածն ընդունելիս մտածել է այդ պահին գործող Սահմանադրության դրույթների մասին ու չի էլ ենթադրել, թե 6 տարի հետո Սահմանադրությունը կփոփոխվի, չէ որ Սահմանադրությունը փոփոխվել էր ընդամենը 4 տարի առաջ։ Հետևաբար, նա 300․1-րդ հոդվածում հղում է արել 2005 թվականի Սահմանադրության դրույթների տեքստին իրենց ՀԵՆՑ ԱՅԴ ԿՈՆԿՐԵՏ խմբագրությամբ։ Կրկնում եմ՝ օրենսդիրն այսպես վարվել է՝ առանց էսքան բան մտածելու։
Ստատիկ հղման նրբությունն այն է, որ եթե փոփոխվում է այն իրավանորմը, որի վրա հղում է արվում, ապա օրենսդիրը ՊԱՐՏԱՎՈՐ Է փոփոխել նաև դրա վրա հղում անող նորմը և այն համապատասխանեցնել նոր, փոփոխված նորմին (որի վրա հղում է արվում)։ 300․1-րդ հոդվածի դեպքում դա նշանակում է, որ օրենսդիրը ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ 2015 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո այդ հոդվածը համապատասխանեցնել նոր սահմանադրության տեքստին։ Նա դա չի արել։ Հետևաբար, նոր սահմանադրական դրույթները չեն կարող կիրառվել, որովհետև 300․1-րդ հոդվածը դրանց վրա հղում ՉԻ ԱՆՈՒՄ։ Իմ կարծիքով՝ կարելի է բացառություն անել Սահմանադրության անփոփոխելի՝ 1-ին և 2-րդ հոդվածերի մասով։
Դատախազությունը, հակառակը, ինչպես արդեն ասացի, ինքնին հասկանալի է համարում, որ նոր սահմանադրական դրույթները՝ 2015 թ․ խմբագրությամբ, կիրառելի են, այսինքն՝ նա 300․1-րդ հոդվածի հղումը դիտում է իբրև դինամիկ հղում (առանց այդ մասին մտածելու)։ Բայց դինամիկ հղումները գոնե ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ նորմերում հակասահմանադրական են, որովհետև քրեական նորմի հասցեատերն այդ դեպքում երբեք չի կարող հստակ իմանալ, թե որ արաքներն են արգելվում, քանի որ արգելվող արաքները նկարագրված են այն նորմում, որի վրա հղում է անում քրեական նորմը, ու այդ արգելված արարքները նկարագրող նորմը միշտ կարող է փոփոխվել։
Արդյունքում իմ նախնական ու մակերեսային գնահատմամբ ստացվում հետևյալը․ ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել՝ լինի այն ստատիկ, թե դինամիկ հղում (բացառությամբ Սահմանադրության 2005 թվականի դրությամբ անփոփոխելի դրույթների՝ 1-ին ու 2-րդ հոդվածների)։ Այնքանով, որքանով 300․1-րդ հոդվածի շրջանակում մարդը հետապնդվում է Սահմանադրության 1-ին կամ 2-րդ հոդվածներում նկարագրված սկզբունքների խախտման համար, խնդիր չեմ տեսնում»։
Իմ նախնական գնահատականը ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։Իմ հասկանալով՝ դատախազությունը այդ…
Gepostet von Gor Hovhannisyan am Montag, 1. Juni 2020