Բաժիններ՝

«Այստեղ բոլորս դիմակով ենք նստած եղել, պետք է որ խնդիր չլինի». Լիլիթ Մակունցը՝ խորհրդարանում վարչապետի հետ շփումների մասին

«Նախորդ քառօրյային վարչապետը եղել է խորհրդարանում, ԱԺ աշխատակազմը և Առողջապահության նախարարությունը պետք է ասեն՝ խնդիր կա՞, թե՞ ոչ: Այստեղ բոլորս դիմակով ենք նստած եղել, կարծում եմ՝ պետք է որ խնդիր չլինի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու լուրին:

Հիշեցնենք, որ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը հայտարարեց, որ կորոնավիրուսի հանձնած իր թեստի պատասխանը դրական է:

Լիլիթ Մակունցի խոսքով՝ խորհրդարանում բոլորը կրում են դիմակներ, եթե Առողջապահության նախարարությունը կարծում է, որ  անհրաժեշտ է թեստ հանձնել՝ կհանձնեն:

Ինչ վերաբերում է ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու անհրաժեշտությանը, Լիլիթ Մակունցը նշեց, որ համավարակով պայմանավորված՝ սկսել են մտածել նաև նիստերը հեռավար կազմակերպելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների շուրջ:

«Այս պահին քննարկում ենք, թե ինչպես կարելի է դա անել, քանի որ կան որոշակի խոչընդոտներ: Իհարկե, մենք որևէ կերպ  չենք կանգնեցնելու աշխատանքը, շարունակելու ենք աշխատել: Այն պահին, երբ վարչապետը հայտարարեց այդ լուրը, կարծում եմ՝ դրանից հետո անհրաժեշտ բոլոր միջոցառումները կձեռնարկվեն՝  կոնտակտավորների հետ կապված: Մենք կանենք ամեն անհրաժեշտը, որպեսզի մեր աշխատանքները չխաթարվեն»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Լիլիթ Մակունցը լրագրողներին նաև հորդորեց որևէ կերպ խուճապ չտարածել:

Ինչ վերաբերում է կրկին սահմանափակումների անցնելու անհրաժեշտությանը, Լիլիթ Մակունցը նկատեց, որ դրա հետ կապված՝ պարետատունը պետք է անի անհրաժեշտ հայտարարություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս