Կհստակեցվեն քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները. Արայիկ Բաղրյան
ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը այսօր կայացած ԱՀ կառավարության նիստին գործադիրի քննարկմանն է ներկայացրել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ա. Բաղրյանն ասել է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն, զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու անհրաժեշտությամբ:
Նախարարի խոսքով՝ որոշման նախագծի համաձայն՝ հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների: Նախագիծը համաձայնեցվել է պետական մարմինների հետ: