Բաժիններ՝

Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը իրականացնում են հակաճգնաժամային միջոցառումներ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նույնպեսմիացավ կորոնավիրուսի դեմ պայքարին:

Հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնները կամավորների ցուցակներ են կազմել և ամեն պահի պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը՝ ինքնամեկուսացման ընթացքում սոցիալական խնդիրների առաջ կանգնած մարդկանց աջակցություն բաժանելու հարցում: Ցուցակն ընդգրկում է 109 կամավոր: Դրանից բացի, սոցիալական կենտրոնները սեփական նախաձեռնությամբ արդեն սկսել են սոցիալական խոցելի խմբերին անհրաժեշտ պարենամթերքի, գրենական պիտույքների և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրումը:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնը՝ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, սննդի փաթեթներ պատրաստեց: Ծրագրի 1-ին փուլում Տավուշի թեմի առաջնորդարանում՝ թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, կենտրոնի կամավորներն ու հոգևորականները՝ «Թելիկ» սոցիալական ձեռնարկության կարած դիմակներով «զինված», առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթները, որոնք ներառում են նաև թեմի «Վանքի անուշ» մուրաբաները, առաքեցին Իջևան, Գանձաքար, Սևքար, Ազատամուտ, Դիտավան, Վերին Կարմիրաղբյուր համայնքներում բնակվող և դժվար կացության մեջ հայտնված 33 ընտանիքներին:

Մայր Աթոռի ֆինանսավորմամբ՝ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներն նույնպես այս օրերի ընթացքում կամավոր սկզբունքով պատրաստել են սննդամթերքի փաթեթներ: Նրանք թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, նպարեղենի ու անհրաժեշտ սննդի փաթեթ են տրամադրում Գյումրիի 200 ընտանիքի: Սրանից զատ՝ նաև Շիրակի թեմի միջոցներով հատկացվում են հիգիենայի պարագաներ: Եկեղեցու բարերարների աջակցությամբ ևս 50 ընտանիք ստացել է սննդամթերքի փաթեթներ:

Շահառուների կարիքի գնահատման ու աջակցման համար սոցիալ-կրթական կենտրոնը համագործակցում է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ՝ բացառելու համար կրկնակի օգնությունն ու ավելի թիրախային դարձնելով աջակցությունը:

Կանայք կենտրոնում կարում են 5000 դիմակ: Դիմակների պատրաստման ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությամբ նախաձեռնված ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիի, Իջևանի, Վանաձորի սոցիալական կենտրոններում և Էջմիածնի հայորդյաց տանը կարել 20000 դիմակ:

Շիրակի թեմի առաջնորդարանի աջակցությամբ համայնքին օգնելու համար անկողնային պարագաներ են կարվում, որոնք հատկացվելու են մարզի հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքներին: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը օրեր առաջ վերմակներ, հիգիենայի պարագաներ է նվիրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին և Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցին: Կենտրոնի աշխատակիցները բացի իրենց հիմնական աշխատանքային գործառույթներից կամավոր հիմունքներով ներգրավված են իրականացվող բոլոր աշխատանքներին:

Արագածոտնի թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ ապրիլին սննդային աջակցություն է տրամադրվել Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալական կենտրոնների շահառու 115 սոցիալապես անապահով և ծանր դրության մեջ հայտնված ընտանիքներին: Կենտրոնը հոգևարոկանների հետ հանդիպումները և արվեստի դասընթացները նույնպես անցկացնում է հեռավար:

«Նարեկ» ՀԿ նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում գործող նախակրթարանի 40 սանի՝ տրամադրելով հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ: Կենտրոնը բոլոր դասընթացները տեղափոխել է առցանց հարթակ:

Գեղարքունյաց թեմի Գավառի և Վարդենիսի սոցիալական կենտրոններընույնպես խմբակների աշխատանքը և դասընթացները տեղափոխել են առցանց հարթակ: Բոլոր այն կենտրոնները, որոնք անցել են հեռավար դասընթացի, նշում են, որ հիմնական խոչընդոտներից են սարքերի և համացանցի բացակայությունը որոշ շահառուների ընտանիքներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս