Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն դոլար կաշառք տալու համար. փաստաբան
«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որը 2020 թվականի ապրիլի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշման երկու ամսով կալանավորվեց, մեղադրվում է կաշառք տալու համար: Առուստամյանին առաջադրված մեղադրանքի մասին որոշ մանրամասներ, առանց փաստերին անդրադառնալու և նախաքննության գաղտնիությունը խաթարելու, 168.am-ին հայտնեց Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը:
«Մեղադրանքը հանգում է հետևյալին, որ սրանից 9-10 տարի առաջ՝ 2009-2011 թվականների ընթացքում տոկոսով փոխառությամբ գումար է տվել երկու անձանց, տարեկան 4%-ով, գումարը բավական խոշոր գումար է, ու ասում են՝ «քեզ մեղադրում ենք, որ դու այդ տոկոսով գումարները չես ստացել և այդ գումարը դու կաշառք ես տվել»: Բայց այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են երկու անգամ, գործող պայմանագրեր են, իրավական արժեք ունեն, իրավական հետևանք ունեն սրանք»,- ասաց Հովիկ Սուքիասյանը՝ նշելով, որ խոսքը մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի մասին է:
Հարցին, թե ճի՞շտ են շրջանառվող լուրերը, որ այն գործը, որի շրջանակներում ապրիլի 23-ին ձերբակալվել, ապա՝ ապրիլի 25-ին, կալանավորվել է Առուստամյանը, առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, փաստաբան Հովիկ Սուքիասյանն ասաց, որ այդ տեղեկությունը դրական կամ բացասական մեկնաբանելը կնշանակի՝ նախաքննական գաղտնիք հրապարակել:
Փաստաբանի փոխանցմամբ՝ այս գործով Սեդրակ Առուստամյանը ցուցմունք տվել է մի քանի անգամ: Առաջին անգամ՝ դեռևս նախորդ տարի:
«Ցուցմունք տվել է դեռևս 2019 թվականի օգոստոսի 27-ին, դրանից հետո ցուցմունք է տվել 2020 թվականի ապրիլի 23-ին՝ ձերբակալման օրը, հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, ցուցմունք տվել է, ապրիլի 25-ին էլ մեղադրանքի շուրջ է ցուցմունք տվել: Պատրաստակամ պատասխանել է բոլոր հարցերին, թաքցնելու ոչինչ չունի»,- ասաց Հովիկ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել ևս երկու քրեական գործով:
ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին՝ Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։
ՀՔԾ-ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում 2019-ի սեպտեմբերի 19-ին մեղադրանք էր առաջադրվել Սեդրակ Առուստամյանին և նրան կալանավորելու որոշում էր կայացվել։ Սակայն սեպտեմբերի 22-ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: «Մուլտի Գրուպ»-ի տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրեական գործի քննությունը շարունակվում է։