Ադրբեջանական կողմը կարող է որոշակի ակտիվացումների գնալ առաջնագծում. Վիտալի Մանգասարյան
Նավթի գների անկումը և կորոնավիրուսի դեմ պայքարում ի հայտ եկած, մեղմ ասած, դժվարությունների ֆոնն ադրբեջանական կողմին ստիպելու է գնալ որոշակի ակտիվացումների առաջնագծում: 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը` հավելելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խնդիր ունի հասարակության ուշադրությունը շեղելու և ստեղծված տնտեսական ճգնաժամի թեման հնարավորինս մեղմելու:
«Իրենց մերձիշխանական փորձագետների կողմից են անգամ այս թեմայի հետ կապված որոշակի ազդակներ գալիս: Նրանք նաև զինված ուժերում խնդիր ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում. էլիտար ստորաբաժանումները փորձում են պահել զորանոցային ռեժիմում, սակայն այդ ռեժիմի երկար պահպանումը բարդ է, ավելի լավ է այդ ստորաբաժանումներն ուղարկեն, այսպես ասած, դաշտային ելքերի, ինչը, իհարկե, ենթադրում է մոտիկացում առաջնագծին, որն իր հերթին՝ մեծացնում է բոլոր տեսակի ռիսկերը։ Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին այդքան էլ չի հետաքրքրում համաշխարհային պանդեմիայի հետ կապված ճգնաժամը, դրա մասին են վկայում նաև ՊԲ-ի վերջին մի քանի շաբաթների ընթացքում տարածած հաղորդագրությունները, որում, կարծում եմ, արտացոլվում են ադրբեջանական կողմի մտադրությունները»,- նշեց նա` ակնարկելով, որ ադրբեջանական սադրանքները կարող են լինել և՛ դիպուկահարների միջոցով, և՛ ԱԹՍ-ների հաճախակի օգտագործմամբ, ինչո՞ւ չէ` հնարավոր են նաև դիվերսիոն փորձեր: