«Երազում եմ տեսնել Հայկի մաշված կոշիկները». 9-ամյա Հայկը քայլելու համար ունի բոլորի աջակցության կարիքը
18 վիրահատությունների ենթարկված 9-ամյա Հայկ Ներսեսյանը բոլորի օգնության կարիքն ունի, Հայկը պետք է վիրահատվի Գերմանիայում, վիրահատության համար պահանջվող 15 հազար ԱՄՆ դոլարից հավաքվել է 7500 դոլարը, իսկ մնացած գումարը հավաքելու համար Հայկի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը, ապավինում է բարի մարդկանց կամքին:
Հայկը ծնվել է 5 ամսականում՝ մանկական ուղեղի կաթվածով, բժիշկները չեն հուսադրել, որ երեխան կապրի, սակայն նա ապրել է և սկսել տեղաշարժվել սայլակի օգնությամբ, հաճախում է հանրակրթական դպրոց և սովորում գերազանց: 9 տարիների ընթացքում տարած վիրահատությունների շնորհիվ Հայկի մոտ եղած առողջական խնդիրներից շատերը լուծվել են, հուլիսի 1-ին Գերմանիայում նախատեսված է վիրահատել Հայկի հոդերը:
«Հայկի ոտքերից պետք է հանեն բոլոր մետաղական կոնստրուկցիաները, վիրահատության համար անհրաժեշտ գումարի՝ 15 հազար դոլարի կեսն ունենք: Գումարը դրամահավաքով ենք հավաքել, բայց երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո դրամահավաքը դադարեցվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը:
Նրա խոսքով՝ աջակցություն ստանալու համար բոլորին դիմել են՝ սկսած Առողջապահության նախարարությունից, բայց համոզվել են, որ ամեն ինչ պետք է իրենց միջոցով անեն, քանի որ նման վիրահատություն Հայաստանում չեն անում, ուստի չեն կարող օգնել:
«Նախկինում մեզ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է շատ օգնել, գումարներ էր փոխանցում Գերմանիայի կլինիկային, որտեղ որդիս վիրահատվում էր, շնորհակալ եմ նրան: Դիմել եմ նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, սակայն պատասխանեցին, որ հիմնադրամն օգնում է միայն օնկո հիվանդներին, ուստի մեզ չեն կարող օգնել: Հիմա որդիս իմ օգնությամբ սկսել է քայլել, մեզ անհրաժեշտ են արդյունավետ պարապմունքներ՝ ֆիզոթերապիաներ, թերապիաներ և վիրահատություն, որպեսզի այդ մետաղական կոնստրուկցիաները ոտքերից հանենք, որից հետո կսկսենք աշխատել մկանային զարգացման վրա: Այսինքն՝ Հայկն այլևս օրթոպեդիկ խնդիր չի ունենա, կունենա միայն մկանային զարգացման կարիք, որպեսզի սկսի միայնակ քայլել»,- հավելեց նա:
Տիկին Պայծառի խոսքով՝ Հայկին օգնել ցանկացողները կարող են միանգամից գումարը փոխանցել կլինիկային, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի:
«Հայկը մեծ հաղթանակի շեմին է, նա ծնված օրվանից պայքարում է ապրելու համար, պայքարում է, որ ապացուցի, կարծրատիպերը հնարավոր է կոտրել, «անհնարին» բառն իր կյանքի դժվարին, դաժան ճանապարհին կիրառելի չէ, մեծ ցանկության, աշխատասիրության ու Աստծո կամքով հնարավոր է դառնում ջնջել ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված, ախտորոշումը: Լինելով միայնակ մայր՝ ինքս չեմ կարող վճարել վիրահատության այդ ահռելի գումարը: Միայն բարի մարդկանց օգնությամբ է հնարավոր եղել կատարել նախորդ 18 վիրահատությունները: Խնդրում եմ, այս անգամ էլ օգնեք, ճանապարհեք Հայկին վիրահատության: Երազում եմ տեսնել Հայկի մաշված կոշիկները»,- եզրափակեց Պայծառ Ներսեսյանը:
Նշենք, որ Հայկի և տիկին Պայծառի այս մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսեսյանին` +(374)93586621 հեռախոսահամարով։
Նրա անունով ՎՏԲ բանկում հաշվեհամար է բացվել։
Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներին.
16046032978404՝ դրամային
16046032978405՝ դոլարային
16046032978406՝ եվրոյով
16046032978407 ռուսական ռուբլիով
ArCa քարտի համարն է՝ 6769 3071 0003 1522։