Բաժիններ՝

Հեռախոսազանգերի միջոցով տեղորոշման համակարգով հայտնաբերվել է վարակակրի հետ շփված 123 անձ. Տիգրան Ավինյանի գրասենյակ

Հեռախոսազանգերի շրջանակը և քաղաքացիների տեղաշարժը ֆիքսող համակարգով ապրիլի 17-ի դրությամբ հայտնաբերվել է 3812 հավանական կոնտակտավոր. 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«609 անձանց վերաբերյալ ավելի մանրամասն ուսումնասիրություն կատարելով՝ պարզվել է, որ նրանցից 123-ը եղել է վարակակրի հետ շփման մեջ, հետևաբար՝ վերոնշյալ անձանց հրահանգվել է ինքնամեկուսանալ: Թե արդյոք այդ մարդիկ կարո՞ղ են ունենալ կորոնավիրուսային հիվանդություն, պարզ կլինի ավելի ուշ»,- գրված է պատասխանում:

Ստացվում է, որ տեղորոշված 3812 հավանական կոնտակտավորներից միայն 609-ն են հնարավոր շփման մեջ եղել վարակակիրների հետ, մանրամասն ուսումնասիրությունն էլ պարզել է, որ նրանցից միայն 123-ն են իրապես շփվել վարակակրի հետ: Մեր մյուս հարցին, թե ինչքանո՞վ է օգտակար այս օրենքը, եթե ի պատասխան ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցման, հեռահաղորդակցության մեր երեք օպերատորները պնդել էին, որ հեռախոսազանգով անհնար է ճշգրտությամբ տեղորոշել մարդուն, գրասենյակից պատասխանել էին.

«Հեռահաղորդակցության երեք օպերատորների կողմից նման պնդում չի եղել»:

Հիշեցնենք՝ հեռախոսազանգերի շրջանակը և քաղաքացիների տեղաշարժը ֆիքսող օրենքն ընդունվել է մարտի 31-ին՝ բացառապես իշխանական պատգամավորների ձայներով: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկումների ժամանակ վստահեցրել էր, որ գաղտնալսման մասին խոսք լինել չի կարող, և, որ հավաքագրված տվյալները գաղտնի են պահվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս