«Դոմոդեդովո»-ում հավաքվելու անհրաժեշտություն չկա, կոչ եմ անում  համագործակցել դեսպանությունների հետ․ Ավետ Ադոնց

«Արտերկրում գտնվող ՀՀ որևէ քաղաքացի չի մոռացվելու»,- այս մասին քիչ առաջ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գիշերող մոտ 120 ՀՀ քաղաքացիների ճակատագրին և նրանց ՀՀ վերադարձնելուն ուղղված քայլերին։

Ավետ Ադոնցն ասաց, որ  իր վերջին ասուլիսից հետո «Դոմոդեդովո»  օդանավակայանից  իրականացվել է 3 թռիչք՝ ապրիլի 6-ին, 7-ին, 12-ին։

«Նաև երեկ  և նախորդ օրն իրականացվեցին երկու թռիչք ռուսական այլ  քաղաքներից՝ Կրասնոդարից և Դոնի-Ռոստովից։ Այդ գործընթացները շարունակվելու են՝ մինչև վերջին  ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացին  չվերադառնա ՀՀ, որևէ մեկը չի մոռացվելու բացարձակ։ «Դոմոդեդովո»-ում թե ինչ է տեղի ունեցել, մենք տեղյակ ենք, մենք տեղյակ ենք առաջին իսկ պահից, մենք տեղյակ  ենք, թե ինչ է մինչ այդ եղել, և մենք, բնականաբար, պլանավորում ենք համապատասխան գործողություններ  մեր հայրենակիցներին  վերադարձնելու համար։ Մասնավորապես, եթե խոսքը Մոսկվայից վերադարձնելուն է վերաբերում, այդ քայլերը կիրականացվեն մոտ օրերս»,- ասաց Ավետ Ադոնցը։

Նա հորդորեց արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ենթարկվել այն կանոններին, որոնք որ առաջադրվում են տվյալ երկրների կառավարությունների կողմից։ Ուստի, ըստ նրա, եթե դա «Դոմոդեդովոն» է, ուրեմն՝ Ռուսաստանը։ «Ենթարկվել պարզապես, եթե այդ սահմանափակումները վերաբերում են, որ երկու հոգուց ավել  հավաք չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի։ Եթե պարտադրում են, որպեսզի դիմակներ  ունենան, ուրեմն պետք է ունենալ, այսինքն՝ եթե պահպանվեն այդ բոլոր թելադրվող կանոնները, և դրանք իրականացվեն, ես վստահ եմ, որ որևէ խնդիրների առջև մենք չենք կանգնի։  Մենք իսկապես տիրապետում ենք նրան, ինչ կատարվել է։ Նորից եմ ուզում կրկնել, որ ՌԴ-ում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիներն ունենում են ժամանակավոր կեցավայր, մինչև որ չկայանա այն թռիչքը, որն իրենց կվերադարձնի Հայաստան։ «Դոմոդեդովոյում»  հավաքվելու անհրաժեշտությունը  չկա, և նորից եմ կոչ անում լսել և այնուամենայնիվ համագործակցել մեր դեսպանությունների հետ այս առումով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից մշտապես «Դոմոդեդովո» օդանավակայանում գիշերել են շուրջ 120 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն վերադարձել և հրաժարվել են տեղափոխվել նաև հյուրանոցներ, որպեսզի առաջին իսկ չվերթի դեպքում իրենք կարողանան վերադառնալ հայրենիք։ Ավելին, ժամեր առաջ հայտնի դարձավ, որ  օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին: Օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ասվում է, որ օդանավակայանի տնօրինությունն է տարհանել:

Տեսանյութում երևում է, որ հայերն օդանավակայանի տարածքից դուրս հավաքված են և չգիտեն՝ ուր գնալ:

Տեսանյութեր

Լրահոս