Փաշինյանն անհասցե մեղադրանքներ է հնչեցնում լրատվական դաշտի հասցեին. «Մեդիա պաշտպան»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ անհասցե մեղադրանքներ է հնչեցնում լրատվական դաշտի հասցեին։ Նա լրատվականներին և լրագրողներին մեղադրում է պատվերով և գումարով հոդվածներ գրելու մեջ։ Նման մեղադրանքները, բացի բարոյական հարվածից, նաեւ լրջորեն վնասում են ողջ մեդիա դաշտի պրոֆեսիոնալ վարկին եւ բիզնեսին, հայտարարել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ վարչապետին հստակ, անվանական նշել այն 99 տոկոս լրատվականները, որոնք, ըստ նրա, պատվերով են աշխատել։ Նման լրատվամիջոցները, բացի քրեական պատասխանատվությունից, կարժանանան նաեւ ողջ հասարակության եւ իրենց գործընկերների պարսավանքին։
Կոչ ենք անում ՀՀ Ոստիկանությանը ականջալուր լինել վարչապետի կոչին և հետևողական զբաղվել այն լրատվամիջոցներով, որոնք առերևույթ դրամաշորթության մեջ են մեղադրվում և փորձել վարչապետից ստանալ այդ լրատվականների անունները։