Բաժիններ՝

Ռուսաստանից Հայաստան գալ ցանկացողների թիվն անհամեմատելիորեն մեծ է․ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

«Մեզ ուղղակի երևի ամենաշատը դիմում են արևմտյան սփյուռքից․Միջին Արևելքից, հիմնականում՝ Իրանից, Լիբանանից, իսկ անուղղակիորեն դիմում են ՌԴ-ից։ Ռուսաստանից դիմողների թիվն անհամեմատելիորեն մեծ է։ Մենք գիտենք, որ կան կուտակումներ։ Մոսկվայից 3 թռիչք տեղի ունեցավ, մի քանի հարյուր հայ բերվեց Հայաստան, բայց թիվն ավելի մեծ է, հատկապես հարավային Ռուսաստանում՝ Կրասնոդար, Ստավրոպոլ, Սոչի, կան մեծ թվով ՀՀ քաղաքացի հայեր, ովքեր ուզում են գալ, բայց միջոց չունեն դրա համար,- մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրած հարցին պատասխանելով՝ ասաց  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շարունակելով,- Մեզ շատ են դիմում, բառիս բուն իմաստով, ՌԴ-ում հայտնված ՀՀ քաղաքացիները, ովքեր չունեն աշխատանք, կացարան, չեն կարողանում վերադառնալ։ Նման դեպքերը շատ են, ԱԺ որոշ պատգամավորներ աշխատում են այս ուղղությամբ, կացարան ենք փնտրում։ Դրսում հայտնված մեր այս հայրենակիցներից շատերը, հնարավոր է, որ վարակված են կորոնավիրուսով, իսկ ՌԴ քաղաքացի չհանդիսացողներին, որքանով հասկանում եմ՝ շատ տեղերում բժշկական ծառայություն չեն մատուցում։ Մեղմ ասած, խնդիրը լուրջ է»։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն անդրադարձավ ամբողջ աշխարհում սփռված հայերի շրջանում վարակվածության թվին, սփյուռքի մեր հայրենակիցների հետ համագործակցությանը։

«Ինչ վերաբերում է վարակվածներին, մի պահ մոնիտորինգ էինք անում, հետո հասկացանք, որ դա անիմաստ է, որովհետև թիվն այնքան մեծ է, իրավիճակն էլ՝ այնքան հեղեհեղուկ։ Գիտեք, երևի Աֆրիկայի կենտրոնական պետություններից բացի՝ ամեն տեղ հայեր են բնակվում, իսկ հիվանդությունն ամենուր է, վարակվածների թիվն իրականում, կարծում եմ՝ շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք։ Վարակներ կան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Երբ կորոնավիրուսի ճգնաժամի առաջին ահազանգերն էինք ստանում, Լոս Անջելեսի մեր հայրենակիցները, ովքեր բժիշկների միջազգային միության անդամներ են, կարողացան գումար հավաքել և մի քանի օրվա ընթացքում մոտ մեկ տոննա բժշկական գույք հասցրեցին Հայաստան։ Շարունակում ենք համագործակցությունը բժիշկների հետ։ Շատերը ցանկանում են մասնակցել վեբինարներին, կուզենայի, որ Արևելյան Եվրոպայի մեր հայրենակիցներն էլ միանային՝ փորձի փոխանակման համար»,- նշեց Զարեհ Սինանյանը։

Խոսելով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կատարած աշխատանքների մասին՝ Զարեհ Սինանյանը հայտնեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում՝ տեղեկանալով, որ պարբերաբար կազմակերպվելու են թռիչքներ  Չինաստանից՝ բժշկական գույք և սարքավորումներ բերելու համար, և քանի որ իրենք արդեն անցել էին սփյուռքի բոլոր աջակցող նախաձեռնությունները կոորդինացնելու աշխատանքին, պարզապես միացել են այդ թռիչքներն իրագործող Պաշտպանության նախարարության և  Միացյալ ազգությունների պարենի միջազգային ծրագրին և միասին փորձել են ձեռք բերել այն ֆինանսավորումը, որը հնարավոր կդարձներ օրերս տեղի ունեցած թռիչքը։

«Սփյուռքի կազմակերպությունները սիրահոժար մասնակցեցին, կարողացանք գոյացնել 500000 դոլար, իսկ 50000 դոլար դեռ հաստատման փուլում է։ Գումարը ստացել ենք Էդուարդո Էռնեկյանի ընկերություններից, որոնք են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ, «Կոնվերս բանկ», «Կարաս» գինիներ, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունից, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամներից, Հայ բարեգործական ընդհանուր միությունից, ինչպես նաև «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից։ Գումար հատկացվեց նաև «Իմ քայլը» հիմնադրամից և, երևի, նաև պետական ռեսուրսից։ Այս պահին սկսել ենք համագործակցություն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որը ևս լծվել է սփյուռքի աջակցության ջանքերը կոորդինացնելու աշխատանքին»։

ՀՀ Սփյուռքի գերծերի գլխավոր հանձնակատարը նաև տեղեկացրեց, որ ամռանը նախատեսված էր իրականացնել իրենց ամենամեծ ծրագրերից մեկը, որը «Քայլ դեպի տուն»-ն է՝ նախկին «Արի տուն»-ի փոխարեն, ինչպես նաև պատանի առաջնորդների ճամբարը, սակայն քիչ հավանական է, որ այդ ծրագրերը կարողանան իրագործել այս տարի։

«Ունեինք երեք խոշոր համաժողով, որոնք պետք է կազմակերպվեին սեպտեմբերին, սակայն այս պահին հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային կապն ընդհատվել է ու այս պահին ՀՀ հասնելն անհնար է, իսկ ապագայում չգիտենք, թե երբ կվերականգնվեն այդ ֆիզիկական կապերը, այս ամենը փորձելու ենք առցանց անել»,- ասաց Զարեհ Սինանյանը։

Անդրադառնալով «Ի գործ» ծրագրին՝ գլխավոր հանձնակատար փոխանցեց․ «Ծրագրի մասին հայտարարեցինք մոտ 1,5 ամիս առաջ, և դիմումների վերջնաժամկետը 2 օր առաջ էր, նախատեսված էր սփյուռքի 20 պրակտիկանտների համար, որոնք մագիստրոսի կոչում կունենային, և պետք է ներգրավվեին մեր պետական կառավարման ապարատի տարբեր գերատեսչություններում։ Ունեինք 750-ից ավելի հայտ՝ աշխարհի լավագույն համալսարաններից։ Մտածում ենք ընդլայնել սա, քանի որ տնտեսական այս ահագնացող ճգնաժամի պայմաններում շատ հնարավոր է, որ երիտասարդները, որոնք նոր են համալսարանն ավարտել, թերևս, որոշ դժվարություն ունենան աշխատանք գտնելու, միգուցե մենք դրանից օգտվենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս