Հեռախոսազանգերը ֆիքսելու միջոցով վերհանվել է 3029 կոնտակտ, որոնք, սակայն, համաճարակաբանների կողմից իդենտիֆիկացվածները չեն, լրացուցիչ են. պարետ
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր պարետ Տիգրան Ավինյանին հարցրեց, թե հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրենքի ընդունումից հետո քանի՞ քաղաքացու է կարողացել պարետատունը տեղորոշել:
Ի պատասխան պատգամավորի՝ պարետ Ավինյանն ասաց, որ օրենքի ընդունումից հետո ավտոմատացված համակարգի միջոցով վերլուծվել է 315 հիվանդի կոնտակտ:
«Վերհանվել է նաև 3029 կոնտակտ, որը չի ներառում համաճարակաբանների կողմից իդենտիֆիկացված կոնտակտները, այսինքն՝ սրանք լրացուցիչ կոնտակտներ են, որոնք համակարգի միջոցով տեղորոշվել են: Բոլորի հետ կապ է հաստատվել, քաղաքացիների մի մասը ինքնամեկուսացվել է»,- ասաց Ավինյանը:
Արձագանքելով պարետի բերած վիճակագրությանը՝ Անի Սամսոնյանը հետաքրքրվեց՝ իսկ այդ դեպքում, եթե տեղորոշել եք 3029 կոնտակտ, ինչո՞ւ նրանց չեք թեստավորել, ինչը հուշում է տրամաբանությունը:
«Այդ մարդկանց պետք է թեստավորեին, որպեսզի այդ հավելվածների միջոցով նրանց այլևս հետևելու կարիք չլիներ, և քաքաքացիները ստիպված չլինեին անընդհատ օգտվել մի հավելվածից, որն իրենց մասին մշակում է տվյալներ»,- հակադարձեց Սամսոնյանը:
Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ Անի Սամսոնյանի մատնանշած տարբերակը կգործեր, եթե վարակը չունենար 14-օրյա ինկուբացիոն շրջան: