ԱՆ-ն պատրաստվում է վատագույն սցենարներին՝ մտածելով, որ դրանք չեն լինի. Առողջապահության փոխնախարար
Կորոնավիրուսի դեմ պայքարին կամավորների ներգրավման մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարետ Տիգրան Ավինյանի կոչին արձագանքել են մեծ թվով մայրապետներ, բժշիկներ և, կարելի է ասել, այդ կոչն ունեցել է շատ լավ արձագանք:
Այսօր Ազգային ժողովում ասաց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Կառավարությունը, սակայն, բժշկական անձնակազմի գերբեռնված աշխատանքը թեթևացնելու, հերթափոխեր ունենալու համար առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներում:
Ավանեսյանի փոխանցմամբ՝ այս փոփոխություններով անգամ ավարտական կուրսի ուսանողնները հնարավորություն կստանան արագ վերապատրաստվելու և ներգրավվելու բժշկական անձնակազմերում:
Ըստ փոխնախարարի՝ մարզային բժշկական կենտրոնները ևս ներգրավված են այս գործընթացին, և նախարարությունն ապահովում է մարզեր մեկնող բուժաշխատողների տեղափոխումը։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պատրաստվում է վատագույն սցենարներին՝ մտքում, սակայն, մտածելով, որ դրանք չեն լինի:
«Ամեն ինչ պետք է անենք մեր բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու համար, որպեսզի, եթե լինի թվերի ավելացում, ապա պատրաստ լինենք մեր հիվանդներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել»: