Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր
Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի եւ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ այսօր, ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների մուտքերում՝ Վարդենյաց լեռնանցքում, Սոթք – Քարվաճառ, Սեւան – Երեւան ճանապարհահատվածներում, Տավուշի մարզի հետ ունեցած սահմանաբաժան կետում, ինչպես նաեւ սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր:
Հսկիչ կետերում, միջմարզային եւ միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, Ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի եւ առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:
Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում ջերմաչափումներ եւ անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու եւ բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի:
Սահմանված անցակետերում դիտարկումներ են իրականացնում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ոստիկանության, Ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության մարզային ծառայությունների ղեկավարները:
Խոսրով Խլղաթյան