Բաժիններ՝

Պաշտոնական տեղեկատվություն կա Իտալիայում ՀՀ միայն մեկ քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակման և բուժման մասին․ Ավետ Ադոնց

ՀՀ ԱԳՆ-ն արտասահմանում կորոնավիրուսով վարակված միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին պաշտոնական տեղեկատվություն ունի։ Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վիճակին։

168am-ի հարցին՝ կա՞ արդյոք տեղեկատվություն, վիճակագրություն այն մասին, թե վիրուսի բռնկման ներկայիս օջախներում՝ Իտալիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, ինչպես նաև այլ երկրներում քանի՞ ՀՀ քաղաքացի է հիվանդացել այս վիրուսով, ի՞նչ բուժգնություն է ստացել ու ստանում, ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն այս խնդրին բախված արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին աջակցություն ցուցաբերում, ինչպես նաև սփյուռքահայերին, փոխնախարար Ադոնցը պատասխանեց, որ տեղեկությունները բավականին շատ են, սակայն պետք է տարանջատել  պաշտոնական տեղեկատվությունն ասեկոսեներից։

«Պաշտոնական տեղեկատվությունը վերաբերում է մեկ քաղաքացու, որը գտնվում է Իտալիայում, որը հիվանդ էր և բուժվել է արդեն, բոլոր թեստերը ցույց են տվել բացասական արդյունք, ինչը դրական է, և այդ քաղաքացին ամենօրյա կապի մեջ է դեսպանության հետ, այժմ քննարկվում է՝ ինչպես այդ քաղաքացուն վերադարձնենք Հայաստան»,- ասաց Ադոնցը։

Ինչ վերաբերում է սփյուռքահայերին տրվող աջակցությանը, Ավետ Ադոնցը խնդրեց բոլոր հարցերով դիմել Սփյուռքի հարցերով հանձնակատարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս