Ռենտգենով հաստատված ունենք 11 թոքաբորբի դեպք. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսով հոսպիտալացված պացիենտներից 11–ի մոտ ռենտգենով հաստատվել է թոքաբորբ։
Նրա խոսքով, միայն երեքին է անհրաժեշտ եղել ինտենսիվ թերապիա։
Նա նաև հայտնեց, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ռեանիմատոլոգները շարունակում են 24–ժամյա ռեժիմով հսկողություն իրականացնել։
Նա նաև նշեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ կբուժվեն կորոնավիրուսով հիվանդացածները։
«Մենք ունենք ծավալված շուրջ 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային հաստատություններում կան քիչ թվով պացիենտներ», – նշեց Թորոսյանը։
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Մարտի 20 դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 136 դեպք։ Առաջինը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։