Չվերթերի չեղարկման պատճառով Նիդերլանդներում մնացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոց չի կիրառվի
Նիդերլանդների միգրացիոն ծառայությունների հաղորդմամբ՝ կարճաժամկետ մուտքի արտոնագրերով երկրում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով չեն կարողացել վերադառնալ իրենց երկրներ՝ մինչև մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտը, չվերթների վերականգնումից հետո կարող են սահմանին ներկայացնել իրենց տոմսերի չեղարկման ապացույցները և նրանց նկատմամբ չեն կիրառվի մուտքի արտոնագրերի ժամկետների խախտման դեպքում նախատեսված պատժամիջոցները։ Այս մասին ասվում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կառավարության կողմից կիրառվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում Նիդերլանդների միգրացիոն ծառայությունը փակ կլինի մինչև ապրիլի 6-ը։
«Այսուհանդերձ, հրատապ հարցերի համար ծառայության հեռախոսային կապը շարունակում է գործել։ Առկա է նաև հնարավորություն նշանակել հանդիպում մուտքի արտոնագրերի ժամկետների երկարաձգման համար։
Խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, ում ճամփորդական առողջապահական ապահովագրության ժամկետը համընկնում են մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտի հետ, պարտադիր երկարաձգել ապահովագրության ժամկետները։
Նիդերլանդների միգրացիոն ծառայության հետ կարող եք կապ հաստատել +31 880 430 430հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ։