Բաժիններ՝

«Տնաշեն, այս ի՞նչ եք անում մարդկանց գլխին․ մարդիկ հաց չունեն ուտելու, վեր եք կացել՝ ասում եք, թե՝ վերջին կոպեկը մեզ տվեք». Քաղաքացին՝ Varks.am-ի հայտարարության ու այն չկատարելու մասին

Բանկերում և վարկային կազմակերպություններում վարկեր ունեցող քաղաքացիներն անհանգստացած են, չգիտեն, թե նոր կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ավարտին՝ ապրիլի 14-ին, ինչպիսի՞ն է լինելու իրենց դրությունը։

Ասում են՝ կան օրավարձով աշխատողներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ,  ովքեր հասկանալի պատճառներով հնարավորություն չեն ունենալու վարկը ժամանակին մարել։

Նշենք, որ Հայաստանում վարկ տրամադրում են բանկերը և վարկային կազմակերպությունները։  Գործող բանկերը 17-ն են, վարկային կազմակերպությունները՝ 43-ը։

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի, «Արարատբանկ»-ն իր հաճախորդներին, ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով, վարկային արձակուրդ կտա, «Արդշինբանկը» քաղաքացիների վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև մայիսի 15-ը, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի, «Արցախբանկը»  մինչև մայիսի 1-ը տույժ-տուգանքներ չի կիրառի վարկերի նկատմամբ, «Բիբլոսբանկը» մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ տրամադրել, «Ինեկոբանկը» մինչև ապրիլի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի, «Հայէկոնոմբանկը»  մինչև մայիսի 17-ը տույժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները, «Յունիբանկը» վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև ապրիլի 14-ը, «Էվոկաբանկը» մինչև մայիսի 17-ն է վարկային արձակուրդ սահմանել։ «Կոնվերսբանկը» հնարավորություն է տվել իր հաճախորդներին անհրաժեշտության դեպքում մինչև մայիսի 15-ը հետաձգել վարկերի մարումը, «Հայբիզնեսբանկը»  մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները։ «Ամերիաբանկը» նույնպես հայտարարել է մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ վարկային արձակուրդի մասին։

Իսկ ահա վարկային կազմակերպությունների դեպքում իրավիճակն այլ է։

Մարտի 17-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր Varks.am-ին՝ գրելով․ «Varks.am, մի քիչ համագործակցային եղեք և մարդկանց դրության մեջ մտեք»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ խոսելով խնդրի մասին՝ գրել էր, որ կապ է հաստատել «Մոգո» վարկային կազմակերպության հետ, որտեղից վստահեցրել են, որ մեկ ամսով հետաձգել են վճարումները։

«ՎարկսԷյԷմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն էլ մարտի 18-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայտարարություն՝ համաձայն որի՝ մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում են ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։

«Այսինքն, նրանք, ովքեր կունենան լավ վարկային պատմություն և կհամարվեն լավ հաճախորդ, նրանք կընդգրկվեն տվյալ օրվա հետաձգման մեջ, հետևաբար՝ վճարում կկատարեն ապրիլի 15-ից հետո։ Ես իրենց ամենաառաջին, լավագույն հաճախորդն եմ։ 2011 թվականից վարկային պատմություն ունեմ։ Չգիտեմ, թե ինչո՞ւ են միֆ ստեղծում, թե լավագույններին են ընդառաջում․ չկա նման բան,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Միհրան Հարությունյանը՝ մանրամասնելով,- Գրասենյակի բացվելուց երկու ամիս անց գումար եմ վերցրել ու ամեն ամիս մարել եմ։ Մարտի 18-ին ես մոտեցել եմ Varks.am-ի գրասենյակ ու հարցրել, թե՝ ո՞ւմ եք տրամադրում 500.000 դրամ։ Ինձ վերջին 5 ամսում 4 անգամ այդքան տրամադրել են, ուրիշներին հազիվ 120.000 դրամ տրամադրեին։ 500․000 դրամ տրամադրում են լավագույն հաճախորդներին։

Քանի որ վստահ եմ՝ լավագույն հաճախորդներից եմ, իրենց ասում եմ՝ եթե ինձ վրա չպետք է տարածվի այս հայտարարությունը, ինչո՞ւ եք սուտ խոսում։ Ասում եմ՝ վատ է վիճակս, չեմ կարող վճարել, արդարանում են, թե պաշտոնական հայտարարությունը կեղծ չէ։ Դե, եթե կեղծ չէ, ում որ պետք է հարց տամ, չեմ գտնում, այսպես եմ հարցնում՝ տնաշեն, այս ի՞նչ եք անում մարդկանց գլխին․ մարդիկ հաց չունեն ուտելու, վեր եք կացել՝ ասում եք, թե՝ վերջին կոպեկը մեզ տվեք։ Էլի տանք, բայց հիմա իրոք փող չկա։ Հենց հիմա 3 մլն 300 հազար վարկ ունեմ ու միշտ պարտաճանաչ վճարել եմ։ Եթե հայտարարություն են տարածում, որ լավագույններին ընդառաջում են, ես պնդում եմ, որ այդպես չէ, գերազանց վարկային պարտավորություն ունեցողին չեն ընդառաջում․ հիմա սա ճի՞շտ է, թե՞ չէ»։

Միհրան Հարությունյանի խոսքով՝ մարտի 19-ը իր վարկի մարման օրն է եղել, մարտի 18-ին  կազմակերպությանը տեղեկացրել է հետաձգման մասին, պատասխանել են, թե որոշումը կա,  Ձեզ անհատական նամակ կուղարկենք, եթե ընդգրկվեք լավագույն  հաճախորդների ցանկում։

«Հարցնում եմ՝ բա որ չուղարկեք, ես սպասե՞մ, թե՞ չսպասեմ, ասում են՝ դե, դուք որոշեք։ Հիմա ստեղծված իրավիճակի արդյունքում իմ բիզնեսը կանգ է առել, գումար չկա, դուք հայտարարություն եք տարածել, բա իմ անունն ինչո՞ւ չկա ցանկում։ Երեկ 7 օրով երկարաձագել եմ վարկս, 300.000 դրամ վճարեցի, իսկ 200.000 դրամն էլ 7 օրով հետաձգեցի, որպեսզի հասկանամ, թե 7 օրվա մեջ ինձ կընդառաջե՞ն, թե՞ ոչ։ Մինչ օրս չեն էլ զանգել»,- նշեց նա։

Հավելենք, որ բազմաթիվ քաղաքացիներ նույնպես իրենց դժգոհությունն են հայտնել՝ կապված վարկային կազմակերպության հետ, ոմանք անգամ հրաժարվում են ընդհանրապես վճարում կատարել։

ՀԳ Փորձեցինք կապ հաստատել վարկային կազմակերպության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս