Արծվաբերդում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ. Տավուշի ոստիկանների բացահայտումը
Մարտի 18-ի գիշերը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։
Ահազանգից րոպեներ անց՝ ժամը 22.10-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին «Բերդ» բժշկական կենտրոնից, որ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 21-ամյա երիտասարդ։
Բուժհաստատություններ մեկնած ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի օպերատիվ խմբերը համատեղ հետախուզական միջոցառումներով պարզեցին, թե ինչ էր կատարվել դեպքի վայրում` Արծվաբերդ գյուղի Մեհրաբ կոչվող խաչմերուկում։ Նախնական տվյալներով՝ մի քանի երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։
Միջադեպի մասնակիցներից 26-ամյա տղան, որը Արծվաբերդի բնակիչ է, դանակով խփել էր մյուս կողմին։ Վիրավորներից մեկը մահացել էր, մյուսները ստացել էին տարբեր վնասվածքներ։ Տավուշի ոստիկանները օպերատիվ կերպով հայտնաբերեցին նաև կասկածվողին։ 26-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ու ներկայացվեց քննչական բաժին։
Նա ձերբակալվել է։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։