«Մեր հեռուստատեսության սեփականատերը կալանավորվել է հատուկ «5-րդ ալիք»-ին վնասելու նպատակով». Հարություն Հարությունյան
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, որը 2019 թվականի դեկտեմբերի 26-ից կալանավորված էր, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: Կալանավորման օրերի ընթացքում «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, Արմեն Թավադյանի պաշտպանական խումբը պնդում էին, որ Թավադյանի կալանավորումը ուղիղ կապ ունի հեռուստաընկերության և նրա արտադրանքի հետ:
«Ապացուցվեցին բոլոր այն մտահոգությունները, կասկածները, որ մենք ունեինք, որ մեր հեռուստատեսության սեփականատերը կալանավորվել է հատուկ «5-րդ ալիք»-ին վնասելու, աշխատանքները խոչընդոտելու, աշխատանքները դժվարացնելու, մեր լրագրողներին անհարմար վիճակի մեջ դնելու պատճառով: Երկու կարծիք էստեղ արդեն չունենք, որովհետև անցած 79 օրը, երբ որ մեր սեփականատերը գտնվում էր կալանքի տակ, մեր հեռուստաընկերությունը շատ ծանր օրեր ապրեց, մեր լրագրողները շատ տհաճ իրավիճակների հանդիպեցին, հանդիպում էին պարբերաբար: Եվ ծանր օրեր ապրեցինք ոչ միայն՝ բարոյական առումով, նաև՝ մնացած այլ հարցերով»,- Ա. Թավադյանի ազատ արձակվելուց հետո հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:
Հեռուստաընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ իրենք անգամ պատրաստվում էին դրամահավաք-մարաթոն կազմակերպել, որպեսզի կարողանային «գոյությունը, աշխատանքները շարունակել»:
Հարություն Հարությունյանի դիտարկմամբ՝ Արմեն Թավադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է և «ՀՔԾ-ի կողմից կարվել է, որպեսզի դժվարացնեն մեր հեռուստատեսության աշխատանքները»:
Ըստ Արմեն Թավադյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ցույց է տվել, որ իրեն առաջադրված մեղադրանքը և իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անհիմն էին և անօրինական:
«Ես ենթադրում եմ, որ էդ ամեն ինչը կատարվել ա նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ների վրա, որից մեկի սեփականատերը ես եմ: Սա ճնշում ա խոսքի ազատության վրա»,- ասաց Արմեն Թավադյանը, ում մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
Շատերին է զարմացնում այն հանգամանքը, որ գործով մյուս մեղադրյալ Վարուժան Մկրտչյանը նախաքննության ողջ ընթացքում կալանավորված չէր: «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը դրա պատասխանն ունի. «Վարուժան Մկրտչյանը ձերբակալված չի, որովհետև լրատվամիջոցի սեփականատեր չի»:
Արմեն Թավադյանը հրավիրված ասուլիսի ժամանակ վստահեցրեց, որ «5-րդ ալիք»-ի գործերին չի խառնվում: Իր խոսքով՝ միայն մի պայման է դրել աշխատակազմի առաջ, որ հեռուստաալիքը հասարակությանը տա օբյեկտիվ տեղեկություն Հայաստանից ու աշխարհից:
Հարություն Հարությունյանի խոսքով՝ Արմեն Թավադյանի կալանավորումը, նրա գույքի և հաշիվների վրա դրված կալանքը միայն ուղղակիորեն չի ազդել հեռուստատեսության աշխատանքի վրա: Հ. Հարությունյանի դիտարկմամբ՝ կալանավորումն ազդել է նաև գովազդատուների վրա, շատ գովազդատուներ դադարեցրել են համագործակցությունը, անգամ նախապես ունեցած պայմանավորվածությունները՝ նոր նախագծերի վերաբերյալ, չեն կարողացել իրականացնել: Այս ամենի հետևանքով այժմ քննարկվում է հեռուստաընկերության համար նոր գործընկերներ գտնելու հարցը:
«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ Արմեն Թավադյանի կալանավորման օրերին, երբ, ինչպես վստահեցնում են, հեռուստատեսությունը դժվարություններ է ունեցել, նրանց կողքին եղել է միայն Ժուռնալիստների միության նախագահը: Անդրադառնալով այս օրերին խոսքի ազատության իրավունքը պաշտպանող լրագրողական մյուս կազմակերպությունների գործունեությանը՝ Հարություն Հարությունյանն ասաց.
«Մնացած էն կազմակերպությունները, որոնց տրված է, կամ որոնք էդ առաքելությունը վերցրել են իրենց վրա և տարիներ շարունակ Հայաստանում էդ առաքելությամբ առաջնորդվում էին, էդ կազմակերպությունները մեզ համար այլևս գոյություն չունեն, որովհետև էս 3 ամիսը պարզ դարձավ, թե մենք ինչ ջրբաժանի առաջ ենք կանգնել»: