«Ամենաշատն Իրանից են դիմում Հայաստան վերադառնալու համար». Զարեհ Սինանյան
Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ կիրակի օրն Իտալիայից մոտ 100 հոգի կվերադառնա Հայաստան։ «Նրանց մասին մանրամասներ չգիտեմ, գիտեմ միայն, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են, այսինքն՝ անձինք են, որոնց նկատմամբ Հայաստանն ունի պարտավորվածություն»,- ասաց նա։
Զարեհ Սինանյանը նաև տեղեկացրեց, որ սփյուռքից կան զանգեր, կան մարդիկ, որոնք ցանկանում են գալ Հայաստան, սակայն դրանք քիչ են, այնքան, որ կարելի է մեկ ձեռքի վրա հաշվել։
«Թե որ երկրներից կվերադարձնեն մեր հայրենակիցներին, տեղյակ չեմ, տեղյակ եմ միայն Իտալիայի մասով։ Օրինակ՝ անձ կա, որը բնակվում է Իրանում, մեր հայրենակիցն է, բայց ՀՀ քաղաքացիություն չունի, սակայն ուզում է գալ Հայաստան։ Փորձում ենք ձևաչափ գտնել նման մարդկանց օգնելու համար, բայց դժվար է օգնել, քանի որ ՀՀ քաղաքացի չեն։ Ամենաշատն Իրանից են դիմում Հայաստան վերադառնալու համար, բայց ասեմ, որ շատ չեն, քիչ թվով մարդիկ են։ Իհարկե, նրանց Հայաստան բերելը ռիսկային է, Իտալիայից եկողներն էլ ռիսկային են, բայց մենք մեր քաղաքացիների նկատմամբ ունենք պարտավորվածություններ, իսկ մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք չունեն քաղաքացիություն, ունենք բարոյական պարտավորվածություն»,- շեշտեց Զ. Սինանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փակ նիստ, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։