Օտարերկրացիները՝ մեր անշարժ գույքի շուկայում

Անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրությունը միշտ էլ որոշակի բացատրություններ ունի: Մեր դեպքում այդ հետաքրքրությունը սրվում է ցանկացած նոր իշխանության պարագային: Հետևաբար՝ այն պայմանավորված է սեփականության վերաբաշխման սպասումներով: Ցանկացած փոփոխություն` հեղափոխությունից մինչև ամենապարզ իշխանափոխությունը, անշարժ գույքի շուկայում աշխույժ գործընթացներ է ծնում:

Քաղաքական վերադասավորումների հետ՝ հին սեփականատերերն են միմյանց հետ հարաբերություններ ճշգրտում: Մյուս կողմից էլ՝ նոր իշխանությունների հետ անշարժ գույքի շուկայում նոր խաղացողներ (իմա` նոր սեփականատերեր) են հայտնվում: Այս ամենն առաջին հերթին նկատելի է տնտեսական վիճակագրության շնորհիվ: Որովհետև կադաստր ասվածը հստակ արձանագրում է անշարժ գույքի սեփականատիրոջ ցանկացած փոփոխություն՝ թե՛ վաճառքի, թե՛ նվիրատվության, թե՛ այլ օտարումների դեպքերում: Օրինակ, 2013-ի ցուցանիշը 48.7 հազար է, 2014-ինը` 52.3 հազար, 2015-ինը` 50 հազար, 2016-ինը՝ 46.8 հազար: Իսկ 2017թ. գրանցվել է անշարժ գույքի օտարման 52.2 հազար գործարք:

Կարճ ասած՝ նախկին իշխանությունների օրոք 2013-2017թթ. (այսինքն՝ այդ հինգ տարիների)   ընթացքում անշարժ գույքի շուկայում արձանագրվում էր տարեկան 46-52 հազար քանակի օտարման գործարք: Իսկ այ, 2018-ին ու 2019-ին անշարժ գույքի շուկայում առքուվաճառք-նվիրատվություն-անվանափոխությունները կտրուկ աճում են: Թռիչքաձև: 2018թ. գործարքների քանակը մոտ 63 հազար է, իսկ անցած տարվանը՝ 71.1 հազար: Կադաստրի կոմիտեն, բնականաբար, հրապարակում է միայն քանակ:

Հետևաբար՝ սեփականության հնարավոր վերաբաշխման գործընթացից խոսելու համար առանձին ուսումնասիրություն է անհրաժեշտ:

Նախ նշենք, որ անշարժ գույքի շուկայի գործարքները Կադաստրի կոմիտեն հաշվառում է հետևյալ բաժանումներով` բնակարան բազմաբնակարանային շենքերում, բնակելի տներ (առանձնատներ), ավտոտնակներ, հասարակական նշանակության օբյեկտներ, արտադրական նշանակության օբյեկտներ և հող: Ընդ որում՝ հողի պարագային առանձին ներառվում-հաշվարկվում են գյուղատնտեսական նշանակության հողերը: 2019թ. առաջին անգամ մեր վիճակագրությունը սկսեց հրապարակել օտարերկրյա քաղաքացիների գործարքների վիճակագրությունը մեր երկրի անշարժ գույքի շուկայում: Պատճառը, հավանաբար, այն սպասումն էր, որ օտար պետությունների քաղաքացի մեր հայրենակիցների մոտ հետաքրքրություն է ծնվելու այս ոլորտի հանդեպ: Նույնիսկ իշխանություններն էին բաց տեքստով Հայաստանում անշարժ գույք գնելու առաջարկով դիմում Սփյուռքի մեր հայրենակիցներին: Ասել, թե դա նորություն էր, սխալ կլինի: Նախկինում էլ իշխանությունները «հորդորում էին» նույնն անել: Բայց այս անգամ ամեն ինչ արվում էր բացահայտ:

Վիճկոմի հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագրի մեջ արձանագրված է, որ 2019թ. օտարերկրյա քաղաքացիները գնել են 674 անշարժ գույք: Իսկ նույն ժամանակում վաճառել են 1266-ը: Այլ կերպ ասած՝ սպասումների հակառակ գործընթացն է տեղի ունենում: Օտարերկրացիները վաճառում են նախորդ տարիներին ձեռք բերած գույքն ավելի մեծ քանակով, քան գնում: Օրինակ, բազմաբնակարան շենքերում նրանք վաճառել են 573 բնակարան, գնել՝ միայն 331: 2019-ին վաճառել են 274 բնակելի տուն (առանձնատուն), գնել ընդամենը 114: Վիճակագրության համաձայն, արտասահմանյան քաղաքացիների գնումների քանակի 58 տոկոսը բաժին է ընկնում Երևանին: Քանակով երկրորդը Կոտայքի մարզն է` 15 տոկոս: Երրորդն Արմավիրի մարզն է՝ 5.5 տոկոս:

Մյուս մարզերի մասնաբաժինը նկատելիորեն փոքր է:

Վիճակագրությունը նաև որոշակի տվյալներ է հրապարակում, որով կարելի է որոշել, թե ովքեր են գնորդները: 2019թ. մեր երկրում անշարժ գույք ձեռք բերողների մեջ առաջինը Ռուսաստանի քաղաքացիներն են` 48 տոկոս: ԱՄՆ քաղաքացիները՝ 16 տոկոս, երկրորդն են: Եվրոպական պետությունների քաղաքացիները երրորդն են` 12 տոկոս: Չորրորդ տեղում սիրիացիներն են` գնումների քանակի 5.6 տոկոսը: Ասենք նաև, որ նախկինում ձեռք բերածից հրաժարվողների առաջին եռյակը նույն երկրների քաղաքացիներն են, նույն հերթականությամբ:

Կա նաև մեկ փոքր փաստ: 2019-ին օտարերկրացիները վաճառել են արտադրական նշանակության 3 օբյեկտ, գնել՝ 5-ը: Արտադրական նշանակության 5 օբյեկտի գնորդն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են: Հասարակական նշանակության օբյեկտների գնորդների 64.7 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են, իսկ ԱՄՆ քաղաքացիները գնորդների 8.8 տոկոսն են: Այս վիճակագրությունը հուշում է, թե որ երկրների քաղաքացիներին է ավելի հետաքրքրում մեր անշարժ գույքի ոլորտը: Այն, որ մեր գյուղատնտեսության ոլորտը համարյա չի հետաքրքրում արտասահմանյան սեփականատերերին՝ նկատելի է հետևյալ փաստով: 2019թ. օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 2364 գյուղատնտեսական նշանակության հող և գնել են շատ անհամամասնական քանակություն` 15-ը:

Ահա այսպիսին է մեր անշարժ գույքի շուկայի վիճակագրական պատկերը՝ ըստ Կադաստրի կոմիտեի:

Տեսանյութեր

Լրահոս