Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին արդեն ընդունում են նախարարի խորհրդականի ու վարչության պետի մակարդակով
Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ արդարադատության նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և ԱՆ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանն այսօր ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ««Կուսակցությունների մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սահմանադրական օրենքի նախագծին: Պատվիրակության անդամների հարցերին ի պատասխան՝ նախարարի խորհրդականն անդրադարձել է օրենքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթների մեկնաբանմանը:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը քննարկման ընթացքում ձևավորված կարծիքների և հարցերի վերաբերյալ գրավոր հաղորդակցությունը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
Որոնողական համակարգում կարճ մոնիտորինգը ցույց տվեց, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայցուցիչներին մշտապես ընդունված է եղել ընդունել նախարարի կամ գոնե փոխնախարարի մակարդակով:
Թե ինչո՞վ է պայմանավորված այս վերաբերմունքը միջազգային հեղինակավոր կառույցի նկատմամբ, կարծում ենք, առավել քան պարզ է, միայն թե անհասկանալի է իշխանությունների գործողությունների անհետևողականությունը, երբ մի կողմից՝ ասում են՝ Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել իրենց բարեփոխումներին, իսկ մյուս կողմից՝ արհամարհում են կառույցը՝ կարևորագույն օրենքի քննարկման շրջանակներում նրա ներկայացուցիչներին ընդունելով նախարարի խորհրդականի ու վարչության պետի մակարդակով:
Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ հիմա ՎՀ-ն կոռումպացվա՞ծ է թե՞ ոչ, լո՞ւրջ վերաբերվենք, թե՞ ոչ, որովհետև նախ՝ իշխանությունների գործողությունները փաստում են, որ իրենց հետաքրքիր չէ Հանձնաժողովի կարծիքը, հետո էլ օրենք են ուղարկում՝ կարծիքի: