«Որևէ վնաս չենք կրել, կորուստներ չկան, նրանց կրակոցները ո՛չ մարդկանց են կպել, ո՛չ տներին». Կոթի համայնքի ղեկավար
Փետրվարի 28-ին հակառակորդը կեսօրին կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ 168.am-ի հետ զրույցում Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանդարտ է։
«Որևէ վնաս չենք կրել, կորուստներ չկան, նրանց կրակոցները ո՛չ մարդկանց են կպել, ո՛չ տներին»,- նշեց մեր զրուցակիցը։
Քանի որ շուտով մեկնարկելու են գյուղատնտեսական աշխատանքները, Կոթի համայնքի ղեկավարը նշեց, որ մտավախություններ ունեն սահմանին մոտ եղած հողամասերը մշակելու հարցում, որովհետև չի բացառվում, որ թշնամին կրակի։
«Ճիշտ է՝ մտավախություն ունենք, բայց վախ չունենք»,- նկատեց Ֆելիքս Մելիքյանը։
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ փոխանցեց, որ որևէ լուրջ բան կրակոցներից չի եղել։
«Նշանակալի բան չի եղել, երևի 12։30-ի սահմաններում 25 փամփուշտ բան են կրակել, վերջին անգամ երկու օր առաջ էր եղել կրակոցներ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Լուսանկարը՝ hetq.am-ի