«Սրա վերջը պետք է տրվի, ինչքա՞ն կարելի է մարդկանց արյունը խմել». Վարկային կազմակերպությունների պատճառով ունեզրկված քաղաքացի
Փաստաբան Ինգա Ավագյանը, տուժողներ Ռուբեն Խաչատրյանն ու Արթուր Ծատուրյանը ասուլիս էին հրավիրել և իրենց դժգոհությունն էին հայտնում վարկային կազմակերպություններից, մասնավորապես՝ «Էքսպրես Կրեդիտ»-ից:
«ՀՀ քաղաքացիների մոտ 30 և ավելի տոկոսը նյութական և ֆինանսական կորուստ է կրում, ինչի արդյունքում ունեզրկվում է: «Էքսպրես Կրեդիտ» վարկային կազմակերպության կողմից կնքված պայմանագրերի հիման վրա բավականին շատ քաղաքացիներ ունեզրկվել են: Տարիների ընթացքում մեծ գումարներ է վճարել ու շարունակում է վճարել իմ վստահորդը: Վարկային կազմակերպությունները փաստացի վաշխառություն են իրականացնում»,- լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Ինգա Ավագյանը:
Նրա փոխանցմամբ՝ վերոնշյալ վարկային կազմակերպությունն իրականացնում է փաստացի տոկոսների կրկնապատկում:
«Իմ վստահորդը երբ ստանձնել է մոտ 250 միլիոն դրամի պարտավորություն՝ տվյալ ընկերության նկատմամբ, հետագայում հաշվարկի ժամանակ ստացվել է, որ 450.000 ԱՄՆ դոլարի վճարում է կատարել, բայց առ այսօր նույն չափի պարտավորություն ունի: Սա մեծ խնդիր է: Այս պարտավորությունների արդյունքում մարդիկ ունեզրկվում են: Մեկ այլ անձ էլ դեռևս 2008 թվականին կնքել է պայմանագիր վարկի վերաբերյալ, գրավադրել գույք, արդյունքում՝ վերցնում ՝ 63 միլիոն դրամի արժողության վարկ, մինչդեռ նրան տրամադրում են 59 միլիոն: 4 միլիոնի վերաբերյալ հաշվարկը մինչ օրս հստակեցված չէ: 2009թ. իրականացվում է վերաֆինանսավորում, տրամադրվում է 74 մլն դրամ, անձը կատարում է որոշակի վճարումներ՝ սահմանված կարգով, բայց հետո ընկերությունը բռնագանձման պահանջով դիմում է դատարան ու խնդրում է բռնագանձել այդ գումարի կրկնակին»,- մանրամասնեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ ստացված ծանուցումները մեծամասամբ տուժողները չեն ստորագրել:
Տուժող Ռուբեն Խաչատրյանն էլ նշեց, որ 35.000 դոլարի վարկ է վերցրել «Էքսպրես Կրեդիտ»-ից, առանց իրեն տեղեկացնելու՝ աճուրդ են կայացրել և այդ պահին 300.000 դոլար արժեք ունեցող իր բնակարանը 250 միլիոն դրամ են գնահատել:
«Ոչ մի ծանուցում չեմ ստացել: Երբ 2009 թվականին ինձ իմ բնակարանից վտարեցին, պայմանավորվածություն ձեռք բերեցի, որ այն վաճառում եմ, պարտքս փակում եմ, որ կազմում է 70.000 դոլար: Այսինքն, 35.000 վերցրել եմ, բայց երբ մտել եմ վարկային կազմակերպություն, ասել են, որ 70.000 դոլար եմ պարտք: Թե ոնց 35.000-ը դարձավ 70.000, դա արդեն ուրիշ հարց է: 2010թ. տան առաջին հարկի համար գնորդ գտա: Քանի որ արդեն «Էքսպրես Կրեդիտ»-ի անունով էր տունը, խնդրեցի, որ թույլ տա կիսեմ ու առաջին հարկը վճարեմ: Թույլատրեց՝ ասելով, որ 3500 դոլար բերեմ: Գնորդից 10.000 դոլար վերցրեցի, 3500-ը տվեցի նրան՝ Արմեն Արզումանյանին, ով գործադիր տնօրենն է: 20 օր անց կանչեց, թե՝ 120.000 կտաս՝ բաց կթողնեմ: Շուրջ տասն ամիս պայքարեցի, որ գինն իջեցնի: Իմ գտած նույն գնորդին ինքը վերջում 120.000 դոլար վաճառեց բնակարանը»,- մանրամասնեց տուժողը:
Տուժող Ռուբեն Խաչատրյանը դժգոհեց քննիչներից, փորձագետներից՝ ընդգծելով, որ նրանք խաղում են մարդկանց ճակատագրերի հետ:
«Գնացել ենք Կենտրոնական բանկ, և երեք շաբաթ է՝ նրանց պատասխանին ենք սպասում: Եթե այն դրական չլինի՝ մինչև վերջ պայքարելու ենք: Մենք շատ լավ գիտենք, թե բուրգի վերևում ով է կանգնած: Որ դուռը թակում ենք՝ մեր հիմքերը չեն ընդունում, վարկային կազմակերպության xerox-ն ընդունում են: Սրա վերջը պետք է տրվի, ինչքա՞ն կարելի է մարդկանց արյունը խմել»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը: