Պլաչիդո Դոմինգոն ելույթ չի ունենա Մադրիդի Թագավորական թատրոնում
Իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն որոշում է ընդունել հրաժարվել Մադրիդի Թագավորական թատրոնում առաջիկայում պլանավորված «Տրավիատա» օպերայի ներկայացումներին մասնակցելուց: Այդ մասին հայտնել է Efe գործակալությունը՝ վկայակոչելով կատարողի հայտարարությունը։
Բացի այդ, երգիչը որոշել է հրաժարվել այն թատրոններում եւ թատերախմբերում ելույթներից, որոնք կարող են դժվարություններ կրել այդ պարտավորությունների կատարման կապակցությամբ, նշում է գործակալությունը: Փետրվարի 25-ին Դոմինգոն ներողություն է խնդրել այն կանանցից, որոնք իրեն մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, եւ հայտարարել, որ լիովին ստանձնում է իր գործողությունների պատասխանատվությունը:
Այդ հայտարարությունը նա արել է այն հետաքննության արդյունքների հրապարակումից հետո, որն անցկացրել է օպերային կատարողների ամերիկյան արհմիությունը:
Ինչպես հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, վկայակոչելով մարդկանց, որոնք ծանոթ են հետաքննության եզրակացություններին, առնվազն 27 մարդ հայտարարել է, որ Դոմինգոյի կողմից ենթարկվել են սեռական ոտնձգությունների կամ դարձել անվայել վարքագծի վկաներ, երբ նա գլխավորում էր Լոս-Անջելեսի եւ Վաշինգտոնի օպերաները:
Փետրվարի 26-ին Իսպանիայի մշակույթի նախարարությունը չեղարկել էր երգչի ելույթները Մադրիդի թատրոնի բեմում: Մասնավորապես, որոշում է ընդունվել չեղարկել արտիստի մասնակցությունը Սարսուելայի թատրոնի մայիսի 14-ի եւ 15-ի ներկայացումներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: