Չինաստանում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 29 դեպք է գրանցվել
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 29 դեպք եւ հայտնաբերվել է 433 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 2744, գրանցվել է հիվանդանալու 78 հազար 497 դեպք: Մահվան բոլոր դեպքերից 26-ը գրանցվել են վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 43 հազար, ավելի քան 8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր:
Միեւնույն ժամանակ 32,5 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն հայտնել էր կորոնավիրուսից 52 մահացածի եւ 406 նոր հիվանդացածների մասին:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: