Արման Թաթոյանն այցելել է «էլիտար զորամաս»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և նրա գլխավորած հանձնաժողովը փետրվարի 21-22-ն այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի զորամասեր. այցը կատարվել էր նախապես մշակված ծրագրի համաձայն:

«Այցի ընթացքում այցելել ենք զորամասեր, զինվորական հոսպիտալներ, ռազմական ոստիկանություն, մասնավորապես՝ հսկիչ բաժին և ձերբակալվածների պահման վայր: Մեր հատուկ մասնագետների օգնությամբ զինծառայողների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ընդ որում՝ մեր այցի ընթացքում մեր խումբը բաժանված էր մի քանի մասի: Օրինակ, մի քանի խումբ աշխատում էր բուժծառայությունների հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ, մի խումբը կենտրոնացած էր կարգապահական վարույթների վրա: Այցն իրականացրել ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արման Թաթոյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին:

Արման Թաթոյանի խոսքով՝ այցի ընթացքում մեծ ուշադրություն են դարձրել զինծառայողների, սպայական կազմի վիճակի, իրավունքների ապահովման հարցերին:

Նա նաև տեղեկացրեց, որ մինչև զորամասեր այցելելը հանդիպել են զինծառայողներից մի քանիսի ընտանիքների հետ:

«Մենք ուշադրություն ենք դարձրել տարբեր հարցերի, բայց իմ գործունեությունը ցույց է տալիս, որ, եթե Զինված ուժերում հարցերի կարևորությամբ և արդիականությամբ ընդգծենք, երևի թիվ մեկ հարցը բուժծառայությունների ու առողջական վիճակի շարունակական բարելավման անհրաժեշտությունն է, բժշկի աշխատանքն առավել գրավիչ դարձնելը, որպեսզի նաև որակյալ մասնագետներ ներգրավվեն: Հիմա արդյունքներն ամփոփվում են, դրանք կներկայացնենք Պաշտպանության նախարարությանը»,- շեշտեց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը կարևորեց բանակում քաղաքացիական վերահսկողություն սահմանելու կարևորությունը:

Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, որ Արցախում գործում է էլիտար զորամաս, որտեղ արտոնյալ պայմաններում ծառայում են բարձրաստիճան պաշտոնյաների տղաները, և որտեղ հունվարի վերջին մահացել էր ժամկետային զինծառայող, Արման Թաթոյանն ասաց, որ այս զորամաս ևս այցելել են, զրուցել զինծառայողների հետ:

«Շուշի քրեակատարողական հիմնարկում նաև առանձնազրույց ենք ունեցել այդ զորամասից կալանավորված երեք զինծառայողների հետ: «Հայկազով» ուսումնական զորամասում ուսումնասիրել ենք այդ հարցերը, առանձնազրույցներ ենք ունեցել: Հիմա մենք իրականացնում ենք ամփոփման աշխատանքները, որն ավարտելուց հետո կներկայացնենք»,- եզրափակեց  Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Պաշտպանության բանակում մահացել էր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանը: Նախաքննության ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մովսիսյանին, Խ.Գասպարյանին և Ա.Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Կրտսեր սերժանտ Ս.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս